ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
Քաղաքական
15:50 04/11/2024
Հայաստան

ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն

Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։ 

«Մեր ցուցակը կգլխավորի Կարեն Սարուխանյանը»,- ԱԺ–ում լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա կարծիքով, ընտրությունները կլինեն 2025-ին։ 

«Ենթադրում եմ, որ Գյումրիում ընտրություններ տեղի կունենան կամ մյուս տարվա սկզբին, կամ տարվա երկրորդ կեսին։ Իմ ընկալմամբ, կարծում եմ,  գարնան կողմ ամենաճիշտ տարբերակն է, բայց հստակ որոշում գոյություն չունի», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Կարեն Սարուխանյանը 2018 թ. հունիսից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Շիրակի մարզպետը։ 

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները պարտադրեցին, որ «Բալասանյան դաշինքի» անդամները դնեն մանդատները, որն ըստ էության, իշխանազավթում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իշխանազավթում և բաց ընտրություններ բառերն անհամատեղելի են: Չի կարող իշխանազավթումը զուգորդվի ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:

Ձեզ համար գաղտնի՞ք է, որ տարբեր  մարդիկ մտավախություն ունենալով, որ քրեական գործ կարող է հարուցվել իրենց դեմ, որոշում են մտնել քաղաքականություն: Նոր բա՞ն է։ Այդ ընկալումը, որ եթե դու պաշտոնյա ես, իշխանությունը քո հետ ուզած-չուզած հաշվի է նստելու, չի կարող լինել: Մենք որևէ մեկին որևէ բան չենք պարտադրել:

Շատ վատ է, որ «Բալասանյան դաշինքը»  իր վերցրած ձայներից հրաժարվել է և մանդատները վայր է դրել, հրաժարական է տալիս: Դա ամենավատ բանն է, որ կարելի էր անել, դա անթույլատրելի։

Կոալիցիան, որ կար, չաշխատեց։ Այն, ինչ պետք է արվեր Գյումրիում, չէր արվում: Մենք լուրջ խնդիր ունեինք իրագործելու մեր մանդատը: Դրա համար մենք խզեցինք կոալիցիան։ Դրանից հետո իրենց որոշումն է: Գուցե իրենք մտածում են, որ այս պարագայում նոր ընտրություններն ավելի ճիշտ տարբերակ է, ես չեմ կարող ասել»։

Placeholder
ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն