Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
Օրվա թեմա
13:28 07/11/2024

Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին

«Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, նրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը, շահառուներին: Ներկայացված օրենսդրական փաթեթը և «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, կգա լրացնելու այդ բացը»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը և կից փաթեթը։

Նրա խոսքով՝  քաղաքականությունը  նպատակ ունի ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ երիտասարդ ձևավորել, որը կընդլայնի երկրում սեփական բարեկեցությունը ապահովելու հնարավորությունները և կաջակցի նաև հանրային զարգացմանը:

Նրա խոսքով՝ ստեղծվող կենտրոնները հասցեագրված են նաև որևէ տեղ չաշխատող և չսովորող երիտասարդներին և  որպես տարիքային շեմ՝ նշվում է 13-35 տարեկանը:
«Երիտասարդական քաղաքականության օրենքը և այս ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները թույլ են տալիս, որ մենք տարիքային այս խմբի հանդեպ ունենանք առանձնացված քաղաքականություն և կարողանանք սինքրոնացնել տարբեր ոլորտների մեր ծրագրերը, հասկանանք, թե դրանց համալիր արդյունքն ինչպիսին է»,- ասաց նա:

Երիտասարդական կենտրոնները, ըստ նախարարի, միջազգային ֆորմատ են, կա նաև երիտասարդական կենտրոնների եվրոպական ցանց և ներկայում աշխատանք է իրականացվում, որպեսզի որոշ կենտրոններ ունենան հավատարմագիր և դառնան այդ ցանցի անդամ:

Կառավարության նիստը վարող Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց. «Բավականին դժվար գործ է լինելու այդ երիտասարդներին ներգրավելը և այդ հարթակի մասնակից դարձնելը: Այդ հարցի շուրջ պիտի մտածենք, իմ կարծիքով, որովհետև աշխատանք չունեցող և կրթություն չունեցող երիտասարդի համար ստեղծել հարթակ բավականին բարդ աշխատանք է, բայց վստահ եմ, որ հաջողություն կունենանք այդ մասով»:

Placeholder