Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած
Քաղաքական
09:41 08/11/2024
Աշխարհ

Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած

Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին  հայտնում է Ynet պորտալը։

Թել Ավիվի «Մաքաբին» հինգշաբթի օրը Ամստերդամում հանդիպել է տեղի «Այաքսի» հետ և պարտվել 5։0 հաշվով։

Սոցիալական ցանցերում հրապարակված մի քանի տեսանյութերից երևում է, որ դիմակավորված անձինք փորձում են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներն են եղել: Պորտալի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել քաղաքի մի քանի վայրերում։

«Այստեղ պատերազմ է գնում, հարձակվեցին վրաս, դանակահարեցին, թեթև վիրավոր եմ... Մեզ դարանակալեցին... Ես իմ աչքով տեսա պայթյունների մեջ հայտնված երեխաներին, նրանք ամենուր են, ոստիկանություն չկա, կատարյալ քաոս»,-գրառումներից մեկում հայտնում է Իսրայելցի երկրպագուներից մեկը։ Երկրպագուի խոսքով՝ ինքը և մի քանի հարյուր այլ երկրպագուներ շրջապատված են հյուրանոցում, և ոստիկանները թույլ չեն տալիս նրանց հեռանալ:

«Ես հենց նոր խոսեցի Նիդեռլանդներում Իսրայելի դեսպան Մոդի Եփրեյմի հետ, և նա ինձ ասաց, որ խոսել է քաղաքապետի (Ամստերդամի) հետ, ով ոստիկանական ուժեր է ուղարկում բախումների գոտիներ»,-սոցցանցերում գրել է Կնեսեթի պատգամավոր Ալմոգ Քոհենը:

Առանց պորտֆելի նախարար Գեդեոն Սաարն ասել է, որ Իսրայելի կառավարությունը բանակցություններ է վարում Նիդեռլանդների իշխանությունների հետ Ամստերդամում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

Ավելի ուշ The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, հայտնել է, որ այն բանից հետո, երբ նրանք ենթարկվել են «հակաիսրայելական ամբոխի» դաժան հարձակմանը, նա պահանջել է երկու ինքնաթիռ ուղարկել Ամստերդամ՝ իսրայելցի երկրպագուներին երկիր վերադարձնելու համար: Ըստ թերթի, Նեթանյահուն Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սհոֆին և տեղի անվտանգության ուժերին կոչ է արել «վճռական և արագ գործել անկարգությունների դեմ» և ապահովել Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը։

Ավելի ուշ Իսրայելը հայտնել է 5 տուժած քաղաքացու մասին։

Placeholder
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած