Ձեզ ինչպե՞ս պետք է գնահատեն, որ փողը հանրության գրպանից տրվել է, դուք ծախսել եք, որ ունենանք վարժ խոսող նախարա՞ր. Ավետիսյան
Հասարակություն
12:36 11/11/2024
Հայաստան

Ձեզ ինչպե՞ս պետք է գնահատեն, որ փողը հանրության գրպանից տրվել է, դուք ծախսել եք, որ ունենանք վարժ խոսող նախարա՞ր. Ավետիսյան

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությամբ մեկ տասնյակից ավելի երիտասարդների գիտեմ, ովքեր տևական ժամանակ աշխատանք են փնտրում, որ չեն գտնում»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա, աշխարհում այս ոլորտը դինամիկ զարգանում է, մասնագետների կարիք կա։

«Ամենավտանգավորն այն է, որ  այդ երիտասարդները պոտենցիալ միգրանտներ են, քանի որ  ամբողջ աշխարհն ուղեղների ներգրավման մեծ ծրագրեր են իրականացնում»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, ոլորտն անկման մեջ է Հայաստանում, կան օբյեկտիվ խնդիրներ, պետությունը պետք է միջամտի, աջակցի։

«Դուք ասում եք՝ այսքան կաջակցենք, հարկերն այսքան կնվազեցնենք։ Եթե որևէ ցուցանիշ չկա, վաղն այդ փողը կեսը կամ ամբողջը  ծախսվելու պարագայում ինչ էլ լինի արդյունք որպես, դուք ասելու եք՝ սա էր առավելագույնը։ Բա ձեզ ինչպե՞ս պետք է գնահատեն որպես պետական կառավարման մարմին, որ  այս փողը հանրության գրպանից տրվել է  ձեզ, դուք ծախսել եք՝ մասնակի կամ ամբողջական,  լավ, ո՞ր ինչ ունենանք մենք։ Որ ունենանք բարի ցանկություններ  կամ վարժ խոսող նախարա՞ր, որ կգա ու կասի՝ այսքան բան արել ենք,  այսքան էլ ստացել ենք, սա լավն է։

Ցանկացած ծրագիր, ինչքան էլ բարդ լինի, նոր լինի, պետք է ունենա որոշակի ոչ ֆինանսական ցուցանիշներ, որով գոնե հնարավոր լինի գնահատել՝ ինչքանով ենք մենք տեղ հասել»,- ասաց Թ.Ավետիսյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ այո, կա ուղեղների արտահոսքի հավանականություն, այդ վտանգներից ելնելով են իրենք ցանկանում իրականացնել համապարփակ կարգավորմներ։

«Հաշվի առնելով այդ հանգամանքը փող ենք ներդնում ընկերությունների հետ համատեղ, որպեսզի  այդ տաղանդներին ներգրավելու նոր գործիքներ առաջարկվեն»,- նշեց նա։

Հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար:

Բյուջետային աջակցության մասով նախագծերով ներկայացված առաջարկությունները․
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է՝

• ներգրավված վարձու աշխատող հանդիսացող՝ աշխատանքային միգրանտների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն,

• ներգրավված նոր վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, և եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է,

• կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված ծախսերի (մինչև 31 աշխատող ունեցող սուբյեկտների դեպքում նաև այդ նպատակով կատարված գործուղման ծախսերի) փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը և եկամտային հարկի գումարի 25%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է։

Placeholder