Ընդամենը երկու տարի տևեց, որպեսզի «կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ Հայաստանումը», դառնա «կեցցեն մեր զոհերը». Ղազարյան
Իրավունք
15:53 11/11/2024
Հայաստան

Ընդամենը երկու տարի տևեց, որպեսզի «կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ Հայաստանումը», դառնա «կեցցեն մեր զոհերը». Ղազարյան

«Ձեր այլընտրանքային զեկույցը մշակվել և հրապարակվել է բացառապես անգլերենով։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ եք դուք խախտում Հայաստնաի Սահմանադրությունը և օրենքները և ինչո՞ւ եք երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին զրկում իրենց մայրենի լեզվով ծանոթանալու իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ձեր զեկույցին»,- «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին դիմեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին՝ գերիների դիմաց փոխանակելու համար և նույնը նա հայտարարել է 2021 թվականին դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում։

«Ծնողի կողմից իր զավակներին քաղաքական նպատակներով օգտագործելուն և նաև նրա կյանքը վտանգելուն ուղղված նրա գործողություններն արդյո՞ք ձեր կողմից դատապարտվել են թե ոչ, քանի որ խոսքը վերաբերում է գործադիր իշխանության ղեկավարին, որի գործողությունները կարող են նաև քարոզչական նպատակներ ունենալ։ Օրինակ, համայնքի ընտրությունների ժամանակ ավագանու անդամի թեկնածուներից մեկն ասի, որ ինքը պատրաստ է իր որդուն զոհել հանուն համայնքի»,-հայտարարեց Ղազարյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Հանուն արդարության պետք է հատուկ շեշտադրեմ, և այն, ըստ էության, իմ գնահատականը չէ, այլ շատ երկար տարիների գործունեության օբյեկտիվ իրականությունը, որ ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլ Հայաստանի իրավագիտության, մասնավորապես՝ սահմանադրական իրավունքի ոլորտը միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական՝ մասնավորապես այդքան հետազոտական ծրագրերին միջազգային մասնակցության առումով»։

Նա թվարկեց այն երկրները, որտեղ մասնակցել է իրավագիտության ծրագրերին և նշեց, որ իր գործունեության միջոցով է Հայաստանյան իրավագիտության համակարգն այդ երկրներում հայտնի դարձել։

Պատասխանելով ՄԻՊ զեկույցը միայն անգլերենով ներկայացնելու վերաբերյալ հարցին՝ Մանասյանը հայտնեց, որ իր ղեկավարած գրասենյակը այդքան ռեսուրս չունի, որպեսզի ՄԻՊ զեկույցները հայերեն թարգմանի և ՄԱԿ գրասենյակից ակնկալեց աջակցություն դրանք հայերենի վերածելու հարցում։

Ըստ Մանասյանի՝ Աշոտ Փաշինյանն անչափահաս չէ և նրա՝ Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի հայտարարությունը երեխաների իրավունքներին վերաբերելի չէ։

Ավելի ուշ Ղազարյանն իր ելույթում ասաց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականի իրադարձությունների շարժիչ ուժը եղել են երեխաները և ուսանողները։ Նրանց մի մասը հիմա Եռաբլուրում է։ Ընդամենը երկու տարի տևեց, որպեսզի «կեցցեն մեր երեխաները, որ պետք է ապրեն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանումը», դառնան «կեցցեն մեր զոհերը»։ Եվ ումից ենք մենք ակնկալում, որ պետք է պաշտպանեն մեր քաղաքացիների, երեխաների իրավունքները»։
 

Placeholder