«Արմսաթ-1»-ը նորմալ գործում է, բայց մի օր ընկնելու է. Մխիթար Հայրապետյան
Հասարակություն
14:59 11/11/2024
Հայաստան

«Արմսաթ-1»-ը նորմալ գործում է, բայց մի օր ընկնելու է. Մխիթար Հայրապետյան

««Արմսաթ-1» արբանյակի հետ կապված որևէ աղմկահարույց տեղեկատվության ես չեմ տիրապետում», - այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Լրագրողի հարցին՝ արբանյակը տիեզերք ուղարկելու համար տրամադրված գումարներն արդյոք արդարացված են եղել, Հայրապետյանն ասաց. ««Արմսաթ -1»-ը ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծել։

Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է տարբերակ՝ արբանյակ ունենալ: Արբանյակը տեսալուսանկարահանող արբանյակ է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ ոչ միայն ունենալ արբանյակ, այլև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, որն ապագայի մեջ ներդրում է, և ես կարող եմ ասել, որ այսօրվանից մենք, մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «Արմսաթ-1» արբանյակի կառավարումը։

Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով։ Այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող արբանյակների տեսալուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի:

Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր, ընդհանրապես, տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծիրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու: «Արմսաթ-1» արբանյակը հենց այս հիմնավորմամբ ենք հանրությանը ներկայացրել: Բայց ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած,  լրջագույն մանիպուլյացիաներ են և անհրաժեշտ է սրա հետևից գնալ»,- ասաց նա։

Մ.Հայրապետյանը նշեց, որ արբանյակը նորմալ գործում է. «Արբանյակը  շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում, այս պահի դրությամբ անում է լուսանկարներ։ Արբանյակը չգործելու կամ արբանյակը գոյություն չունենալու մասին, ընկել է, ես տեղեկատվություն չունեմ։ Ավելին, երեկ նույնիսկ տեսել եմ լուսանկարներ, որոնք հենց երեկ էին արվել։

Սա, իհարկե, չի նշանակում, որ կարող է վեց ամսից արբանյակը չընկնել կամ երկու տարուց արբանյակը չընկնել, որովհետև տիեզերքն այնքան պարզունակ չէ: Շատ և շատ երկրների արբանյակներ ժամկետից շուտ են ընկնում կամ մի քանի տարի ավելի երկար են մնում տարբեր ուղեծիրներում։ Նման գնահատական, որ երկու ամսից կարող է արբանյակն ընկնել, մենք չունենք, բայց մի օր ընկնելու է, ինչպես բոլոր արբանյակները: Կոնկրետ ժամանակահատվածներ են լինում արբանյակների համար։ Ես կարող եմ ընդամենը ասել, թե այս պահին գործում է արդյոք արբանյակը, թե ոչ»:

ArmSat-1-ը  Հայաստանի առաջին արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին։ Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։ 

Placeholder