Պոմպեյ զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակվի
Աշխարհում
15:56 11/11/2024
Աշխարհ

Պոմպեյ զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակվի

Իտալիայի հնադարյան Պոմպեյ քաղաք զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակվի։ Նոյեմբերի 15-ից սկսած օրական ընդամենը 20 հազար այցելու կարող է հյուրընկալել քաղաքը։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։

Միջազգային մշակութային ժառանգության օբյեկտ հանդիսացող հնագիտական վայր այս ամառ այցելել է չորս մլն մարդ, ինչն առաջացնում է մի շարք վտանգներ մոխրակույտի տակ գտնվող քաղաքի, ինչպես նաև այցելուների համար։

BBC-ի փոխանցմամբ, իշխանությունները սահմնափակումների վերաբերյալ որոշմանը հանգել են հոկտեմբերի առաջին կիրակի օրը գրանցվածք ռեկորդային հոսքից հետո։ Այդ օրը քաղաք այցելել է 36 հազար մարդ։

«Այցելուների թվի  կրճատումը կարևոր է հնավայրի պահպանման և անվտանգության նկատառումներով»,-նշում են իշխանությունները։

Հիշեցնենք, որ  քաղաքը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։

Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։

Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։

 

Placeholder
Պոմպեյ զբոսաշրջիկների մուտքը կսահմանափակվի