Տնտեսության վերականգնման տպավորություն է ստեղծվում, բայց սա խաբկանք ու հեգնանք է. Աղասի Թավադյան
Տնտեսություն
17:10 13/11/2024
Հայաստան

Տնտեսության վերականգնման տպավորություն է ստեղծվում, բայց սա խաբկանք ու հեգնանք է. Աղասի Թավադյան

ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են. որ հաջորդ տարի աշխատավարձի և թոշակների աճ չի լինելու, բայց առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկանում է։ Դրան զուգահեռ պետական պարտքն է ավելացվելու մինչև պարտք/ՀՆԱ հարաբերակցության 54.6%-ը։ Առաջիկա տարվա բյուջեի ռիսկերի և դրա պատճառ դարձած կոռավարության վարած քաղաքականության շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն հայտնեց տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։

Հարցազրույցի հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

▪Այս բյուջեն որոշ առումներով խնդրահարույց է։ Հիմնականն այն է, որ եկամուտները պակասում են ու պակասում, և դրանից թելադրվում են որոշակի խնդիրներ՝ նաև պետական բյուջեի ծախսային հատվածում։  Իշխանություններն ասում են, ինչ-որ մի բանով կապահովենք 7 % տնտեսական աճը, որպեսզի մեր տնտեսությունը 6 տարիներին 50 % աճ գրանցի։ Սա ողջունելի է, բայց եթե տնտեսությունում չկա իրական արտադրություն, որը կարող է ապահովել երկարաժամկետ տնտեսական աճը, ապա սա խնդրահարույց է։

▪Մեր տնտեսությունը ապրում է ոչ թե արտադրության վրա, այլ՝ դրսից եկած փողերի՝ ապահովելով տնտեսական աճը բանկային համակարգի վրա, բայց այն նաև նշանակում է, որ մեր տնտեսությունը կախված է ոչ թե ներքին ազդակներից, այլ արտաքին փոփոխություններից։

 ▪Ներկայում մեր արտահանման մոտ 70 %-ը՝ ահռելի մի թիվ, միլիարդների մասին է խոսքը, ոսկու վերաարտահանումն է։ Որը խեղաթյուրեց պատկերը։ Այդ ոսկին եկավ Հայաստան, ինչ-ինչ ճանապարհներով գրանցվեց որպես արտադրություն և ապահովեց մեր տնտեսական աճը։

▪2024 թվականի առաջին եռամսյակում գրել էին, որ մեր տնտեսական աճը կազմել է 9.2 %, որը բավականին զգալի ցուցանիշ էր և առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մեր տնտեսությունը վերականգնվում է, բայց սա պատրանք էր, խաբկանք ու հեգնանք, որովհետև 9.2  % տնտեսական աճի 4 տոկոսային կետը՝ գրեթե կեսը, ապահովում էր արդյունաբերությունը, իսկ ավելի ճիշտ՝ ոսկու վերաարտահանումը։ Այդ պատճառով այդ թիվը վերանայվեց, կրճառվեց և դարձավ 6.6 %, վերջին ցուցանիշներով 6.4% է և երրորդ եռամսյակով, կարելի է ենթադրել, որ ավելի են իջնելու, քանի որ ըստ վերջին ցուցանիշների տնտեսությունը բոլոր ճյուղերով անկում է գրանցում։

 ▪Մեր արտահանումը գրեթե բոլոր ուղղություններով ընկնում է. այս տարվա առաջին կիսամյակը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած դեպի ԵԱՏՄ՝ մեր հիմնական գործընկերը մեր արտահանումը գրեթե 20 %-ով ընկել է։ Դեպի ԵՄ՝ 25 %-ով և այս պահին դեպի ԵՄ մեր արտահանումը կազմում է 3.6%։ Այսինքը՝ ուր ենք գնում։

 ▪Իրական տնտեսությունն անկում է ապրում և այս պայմաններում արդեն կառավարությունն է հասկանում, որ խնդիրներ կան և նշաձողը հաջորդ տարվա համար 7 %-ից այս տարի իջեցրել է 5,6% և 5,4% հաջորդ տարի։ Իմանալով կառավարությանը՝ սա լավատեսական պատկեր է։

▪Կառավարությունը բավականին լավ քայլեր է ձեռնարկել այն առումով, որ մեր պետական պարտքի 50 %-ից ավելը դրամային է, հեջավորել է այդ ռիսկը, բայց այն կա։ Հաշվի առնելով այն, որ հայկական դրամը ամենաարժևորվածն է բոլոր փոխարկելի արժույթների մեջ,արժեզրկման ռիսկը կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Placeholder