Հայաստանում շաքարային դիաբետով շուրջ 114 հազար  պացիենտ կա
Առողջություն
15:18 14/11/2024
Հայաստան

Հայաստանում շաքարային դիաբետով շուրջ 114 հազար պացիենտ կա

Այսօր Շաքարային դիաբետի համաշպարհային օրն է։ 

Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով։ Որպես կանոն, շաքարային դիաբետի տիպ 2-ը, տեսանելի որևէ դրսևորման բացակայության պատճառով, երկար ժամանակ մնում է չախտորոշված:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են`
. ընդհանուր թուլություն,
. հոգնածություն,
. մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն,
. մշտական ծարավի և քաղցի զգացում,
. քաշի անկում կամ ավելացում,
. տեսողության վատթարացում:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, 2023 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է շուրջ 114000 մարդ։

Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով մեր երկրում իրականացվում են մի շարք միջոցառումներ`

. Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն:
. Շաքարային դիաբետի դեղերը շահառուներին հատկացվում են անվճար:
. Մինչև 18 տարեկան  շաքարային դիաբետով երեխաների արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում նաև` դիսպանսեր հսկողությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում հաշվառված մինչև 22 տարեկանը ներառյալ դիաբետով պացիենտներին անվճար տրամադրվում են ինսուլին և ինսուլինային ներարկիչները` ըստ պահանջարկի, նաև արյան մեջ գլուկոզայի քանակը չափող սարքերի թեստ-երիզներ:

 Մշակվել և հաստատվել են «2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը, ինչպես նաև շաքարային դիաբետով պացիենտների վարման գործելակարգերը, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ներզատաբանների, սրտաբանների համար:

Շաքարային դիաբետի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մասնագետները հորդորում են`
. վարել առողջ ապրելակերպ,
. հետևել առողջ սննդակարգին,
. պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ:

 Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և հիշել, որ 2-րդ տիպի  շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։

Placeholder