«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Մշակույթ
11:34 15/11/2024
Հայաստան

«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում

Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան տեսնելու Երվանդ  Քոչարի «Մարդ-քաղաք»  շարքի ստեղծագործությունների բնօրինակներ, վերատպություններ,ինչպես նաև՝  շարքի 3 ստեղծագործությունների հիման վրա NFT ձևաչափով ստեղծված, լուսային, ձայնային ձևավորումներով անիմացիաներ: Ի դեպ, ցուցադրությունը հետագայում կներկայացվի թանգարանի կայքէջի թվայնացված ցուցադրությունների բաժնում, իսկ NFT-ը կտեղադրվեն համապատասխան հատուկ հարթակներում:

Այս ցուցահանդեսը Քոչարի ստեղծագործությունների գեղարվեստական կերպարների ներկայացման ժամանակակից նոր եղանակ է, ինչը համահունչ է մեծն հայի նորարարական ոգուն։ Թանգարանի տնօրեն Կ.Քոչարը վստահ է, որ նմանօրինակ ցուցադրությունը կապահովի թանգարանում ցուցադրվող արվեստի ստեղծագործությունների օգտագործման, ներկայացման և հանրահռչակման գործում նորագույն ձևաչափերի ներմուծում, դարձնելով թանգարանն առավել արդիական, գրավիչ և մրցունակ արվեստասերների համար։

«Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով ու մեթոդներով իրականացված նախագիծը կարող է կիրառվել ինչպես թանգարանում, այնպես էլ օնլայն հարթակում, որը կնպաստի միջազգային հարթակում ունենալ պատշաճ  ներկայացվածություն: Վստահ ենք, որ այս ցուցադրությունը կապահովի նաև այցելուների հոսք Երվանդ Քոչարի թանգարան Քոչարի՝ ՀԱՊ-ում հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ, երբ թանգարանային մեծաթիվ նմուշներ ընդգրկված են  այդ ցուցադրանքին, իսկ Քոչարի թանգարանը այսպիսով ունի ազատ տարածքներ Երվանդ Քոչարի «Մարդ-քաղաք» շարքից որոշ ստեղծագործությունների, ինչպես նաև այդ շարքի ստեղծագործությունների անիմացված NFT-երի լիարժեք և տպավորիչ ներկայացման համար»,- նշում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն՝ Կարինե Քոչար։

Այս ցուցահանդեսն արվեստի և տեխնոլոգիաների սինթեզի ուշագրավ փորձ է՝ ուղղված ներազդելու այցելուների զգայական համակարգի վրա:

Նախագիծն իրականացվում է  Մաէստրոյի ծննդյան 125 ամյակի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված դրամաշնորհով և կգործի մինչև հունվարի 5-ը։

Placeholder