«Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են
Օրվա մամուլ
09:18 21/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Սիսակ Գաբրիելյանը վերջերս խմբակցության փակ նիստերից մեկի ժամանակ թեժ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ կանանց ներկայությամբ հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին. նիստին ներկա ՔՊ-ականները մի կերպ են սաստել նրանց, որպեսզի մեծ վիճաբանություն չլինի։

Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանն էլ, պատժից խուսափելու, միջադեպը կոծկելու համար, որ հարցը հանկարծ չհասնի ՔՊ վարչություն և Փաշինյանն իրենց էլ «չարժանացնի» Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի ճակատագրին, ԱԺ-ից դուրս խոսել են իրար հետ, փորձել խնդիրները հարթել։ Բայց խմբակցության կանայք բարկացած են, քանի որ հայհոյախառն արտահայտությունները իրենց ներկայությամբ են հնչել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա մեր զանգին չպատասխանեց, Քոչարյանը՝ ևս: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս:

Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ ե՛ւ Հրաչյա Հակոբյանը ե՛ւ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար»։

Մանրամասները թեերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են