Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
Քաղաքական
17:30 25/11/2024
Հայաստան

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

Հիշեցնենք՝ քիչ առաջ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին, Աստանայում։ Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։ Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։  Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ 

Placeholder
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին