Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Օրվա թեմա
11:53 27/11/2024
Հայաստան

Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ,  2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի`
.գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,
.թիրեոտրոպ հորմոնի որոշում,
.Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին:

Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում:

Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում:
Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում  բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:

Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը:

Placeholder