Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Քաղաքական
18:35 28/11/2024
Հայաստան

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ  ոլորտային տարբեր ուղղություններով  համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։ 
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային,  այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, մշակվող գործընկերության նոր օրակարգի լայն շրջանակին և հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարևոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում։
 

Placeholder
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում