Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
Հասարակություն
16:43 28/11/2024
Հայաստան

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն

«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են վթարներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:

Նախարարը նշեց, որ նոր կարգավորումներով՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր,  և երբ սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս։

Նախագծով նաև ագելվում է  ամռան ամիսներին տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե սա այն որոշումներից է, որ քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու:

«Ծա՞խս է բերելու մարդկանց. այո, ծախս է բերելու: Անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալո՞ւ են. այո, լավանալու են: Լինելո՞ւ են շահարկումներ. այո, լինելու են շահարկումներ»,-ասաց Փաշինյանը:

Խութադյանը տեղեկացրեց, որ եթե վարչական իրավախախտում է արձանագրվել վարորդը մինչև 5000 դրամ կտուգանվի, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ:

Մհեր Գրիգորյանն առաջարկեց խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում օրենքը չի գործի, նաև առաջարկեց հարցը կապել մեքենաների ապահովագրության գործընթացի հետ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Placeholder
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն