Արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Երևանի փոխքաղաքապետ
Հասարակություն
15:12 03/12/2024

Արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Երևանի փոխքաղաքապետ

«Աշխատանքային օրենսգիրքը համապատասխան սանկցիաների որոշակի, ըստ խստության աստիճանի, դասակարգում ունի, այսինքն նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և աշխատանքից ազատում ըստ էության և այս դեպքում օրինաչափ ընտրվել է ամենախիստ պատասխանատվության միջոցը»,-ասուլիսում ասաց  Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօրվա գործադուլի պատճառով հանրային տրանսպորտի 18 վարորդին աշխատանքից հեռացնելու որոշմանը:

«Ավելին ասեմ՝ քանի որ ես, կարծում եմ, նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես  նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել, արդեն Հայաստանի գլխավոր դատախազին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»,- ասաց փոխքաղաքապետը։

Նա չբացառեց, որ այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր:

«Խաղ չենք անում նման երևույթների հետ: Աշխատանքային մեր խնդիրները բարձրացնելու ընթացակարգեր կան, դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել:

Մեզնից կախված գործողությունները և գործիքակազմն ամբողջությամբ կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի և կանխենք հետագայում անգամ որևէ միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»,- ասաց Ս.Գրիգորյանը։ 

Placeholder
Արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Երևանի փոխքաղաքապետ