Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է. Աղազարյան
Քաղաքական
15:39 04/12/2024
Հայաստան

Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է. Աղազարյան

«Ես այս տարիների ընթացքում երբևէ չեմ եղել այն բաժնում, չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթի ծանոթանալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և  կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Իսկ այսօր Աժ նիստում Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։

Նա նշեց. «Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են, առավել ևս վարչապետի  ներկայությամբ 60-70 պատգամավոր, նաև կառավարության անդամներ, ասեմ՝  ես միշտ հասանելի եմ, լրագրողները գիշերն էլ զանգեն, ես պատասխանել եմ։ Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող է պատահի, որ ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել:

Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո այն եմ ասել արտահոսք»։

Դիտարկմանը՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ասաց, որ երբ այդ մեղադրանքները իրեն ներկայացրել են, որևէ կերպ չի արդարացրել և ներողություն չի խնդրել, Հ.Աղազարյանն ասաց. «Ես լրագրողների հետ զրույցում այդ արտահոսքի պահով արտահայտվեցի:

Ես զարմանք հայտնեցի, թե այդ ոնց է եղել, որ իմ անձնական  դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ: Որովհետև, երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսանողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսն  առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, և քննիչն ասել է՝ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով:
Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի, որ կարդաք: Բայց նաև ասացի՝  հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք  որ պետության մեջ եք: Ես հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի լինի: Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաև չգիտեմ, թե որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգո՞վ են այդպիսի բան արել, Հ. Աղազարյանն ասաց. «Ես չէի ուզի հավատալ դրան»:

Դիտարկմանը, որ երբ հայտարարում են «բարոյական հանրային նորմեր եք խախտել, կարծեք՝ գնում է սիրուհու դաշտ», Աղազարյանն ասաց. «Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է: Բայց ինչ կա։  Հիմա ես կուզե՞մ՝ այդ ինֆորմացիան հրապարակվի։ Իհարկե, չեմ ուզի: Թող հրապարակեն, այնքան հրապարակեն, մինչև հոգնեն»:

Աղազարյանը նաև նշեց. « Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Սարսափելի բաներ են, ես չեմ կարող ասել, մի քանի ամիս հետո կպարզվի»:

Մանրամասն՝ տեսանյությում։ 
 

Placeholder
Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է. Աղազարյան