Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, և Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել։
Նա նշեց. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի նկատմամբ 2021 թվականին, 2022-ին, եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա է եղել Հայաստանի նկատմամբ։ Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և առաջին հերթին այդ հարցն ում հետ ենք քննարկել։ Քննարկել ենք մեր դաշնակիցների հետ։ Մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ ինչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, հետևաբար, սա բոլորը գիտեն և ոչ մեկ չի կարող նման ոտնձգություն անել։
Երբ որ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ինչ ենք ասել, ասել ենք՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատված է։ Հետո իրենք ասել են՝ գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Մենք ասել ենք՝ բա այդ դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, որի մասին դուք ասում եք։ Որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը։ Մեզ ցույց տվեք այդ կարմիր գիծը, որպեսզի մենք կարողանանք մեր հարաբերությունները կարգավորել, հասկանալ ՀԱՊԿ հետ։
Ասել ենք՝ ցույց տվեք Հայաստանում ՀԱՊԿ պատասխատվության գոտին, ցույց տվեք՝ որտեղով է անցնում։ Իրենք ցույց չեն տվել։
Ես ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանտվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի։ Դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը երևանյան գագաթնաժողովում հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։
Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի։
Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել։
Ինչ վերաբերում է փաստաթղթերին, մենք ասել ենք՝ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակմանը, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա։ Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը։
Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային, փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար է, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ-ում։ Կարծում եմ՝ մենք այդտեղ անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»։