Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան
Քաղաքական
09:45 06/12/2024
Հայաստան

Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան

«Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում»,- ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

«Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»,- նշել է նա։ 

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, Արարատ Միրզոյանը ասել է.

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։

Այս նպատակով մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա»։ 

 

Placeholder
Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան