Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամկետը երկարաձգվում է
Տարածաշրջան
09:42 16/12/2024
Տարածաշրջան

Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամկետը երկարաձգվում է

Վրաստանի խորհրդարանն ընդունել է քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ, որոնք երկու տարով երկարացնում են երկրի քաղաքացիության վերականգնման և պահպանման համար նախատեսված ժամկետը։ 

Jnews.ge-ի հաղորդմամբ, փոփոխությունների համաձայն՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունը կորցրած քաղաքացիները կարող են դիմել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Օրենքի հին տարբերակի համաձայն՝ քաղաքացիությունը վերականգնելու հնարավորությունը կարող էր օգտագործվել միայն մինչև 2024 թվականի վերջ։

Նաև երկու տարով երկարաձգվել է մինչև 1993 թվականը Վրաստանում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը։

Վիճակագրությունը ցույց է տալիս քաղաքացիության վերականգնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ըստ օրինագծի բացատրական գրությունում նշված վիճակագրության՝ 2021 թվականին նման 1073 դիմում է եղել, 2022 թվականին՝ 3064, իսկ 2023 թվականին՝ 1999։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն խորհրդարանի կողմից վերջնական հաստատումից և նախագահի ստորագրումից հետո:

Placeholder