Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
Քաղաքական
15:06 19/12/2024
Հայաստան

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան

«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում է, իսկ ֆիլմը կինոթատրոնում է ու եթե ցույց չեն տալիս կինոթատրոններում, ուրեմն վերացնում են ստեղծագործողի արտահայտման իրավունքն ինչպես հուշարձանի դեպքում»,- Կինո Մոսկվայի բակում տեղի ունեցած ասուլիսում ասաց գրող, վավերագրող, հրապարակախոս, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը։

Նա հայտնեց, որ այս տարի աշնանը Ադրբեջանի ճնշումների արդյունքում երկու ֆիլմ է գրաքննվել. Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need) խաղարկային ֆիլմը, որը Մարկոյի կինոփառատոնից հանվել է Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսը՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը, որը Հորդանանը ներկացարել էր «Օսկարի», այնուհետև հետ են կանչել։

«Այս առիթով Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի հետ նամակ ուղղեցինք արտաքին գործերի և ԿԳՄՍ նախարարություններ, պատասխանն այն էր, որ «ռեժիսորները մեզ չեն դիմել, դրա համար այդ գործով չենք զբաղվում»։ Իհարկե, տարօրինակ է նրանց պատասխանը։ Ենթադարենք, եթե հանկարծ Ադրբեջանը որոշի Ստեփանակերտի Տատիկ-պապիկ արձանը ոչնչացնի, ի՞նչ է՝ պետք է քանդակագործ, լուսահոգի Սարգիս Բաղդասարյա՞նը դիմի ԱԳՆ։ Այս պատասխանը բավարար չէ»,- ասաց Հ. Իշխանյանը՝ հիշեցնելով, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմը 2020 թվականի դեկտեմբերին հանվել էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնից։

Նա հայտարարեց, որ իրենց ասուլիսով ազդարարում են՝ հայկական ֆիլմերի պաշտպանության համար գործընթաց են սկսում։

«Նամակներ ենք հղելու ԱԳՆ, որպեսզի դեսպանատներին՝ փառատոներում հայկական ֆիլմերի հարցը պահեն ուշադրության կենտրոնում, փառատոներին, որ նման խնդիր կա, մենակ չենք, մենք կարող ենք միասին պայքարել»,- ասաց Հ.Իշխանյանը։

Ըստ նրա, Ադրբեջանի՝ այս հարցում հաջողության հասնելու գաղտնիքն այն է, որ Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին։

«Հայաստանի կառավարությունը փառատոների ժամանակ պետք է ցուցում տա դեսպաններին, որպեսզի գնան ու կանգնեն հայկական ֆիլմերի կողքին, համոզվեն, որ չեն հանի ծրագրից։ Հայաստանի կառավարությունն անգամ հայտարարություն չի արել, որ կանգնած են ռեժիսորների կողքին, հետամուտ են լինելու, որ նման բան չլինի։

Երբ չկա հակազդեցություն, ինչքան ուզեն, կանեն, երբ որ ԱԳՆ-ն չի արձագանքում, և փառատոնն է մնում մենակ, և ռեժիսորը, մյուս երկրի կառավարությունն էլ։ Մենք պետք է հիմնավորումներ ներկայացնենք, որ չեն կարող ֆիլմը գրաքննել»,- ասաց Հ. Իշխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder