WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Իրավունք
12:57 21/12/2024
Աշխարհ

WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը

WhatsApp մեսինջերը հաղթել է դատական գործը լրտեսող ծրագրերի ամենահայտնի արտադրողի դեմ. ամերիկյան դատարանը վճռել է, որ Pegasus ծրագրի ստեղծողը՝ իսրայելական NSO Group ընկերությունը, խախտել է ամերիկյան օրենքները՝ տեղադրելով իր ծրագրակազմը WhatsApp-ի խոցելիության միջոցով ավելի քան հազար հեռախոսների վրա: Փորձագետները գործն անվանում են քաղաքացիական հասարակության մեծ հաղթանակ լրտեսող ծրագրեր արտադրողների նկատմամբ:

agents.media կայքը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի շրջանային դատարանը (Կալիֆորնիա) եկել է այն եզրակացության, որ NSO-ն խախտում է ԱՄՆ-ի Համակարգչային խարդախության և չարաշահումների կիրառման օրենքը՝ օգտագործելով Pegasus-ը: Տուգանքի չափը կորոշվի ավելի ուշ։ Վնասի չափը, որը կվճարի NSO -ն, կորոշվի առանձին դատական գործընթացով։

Դատավարությունը տևել է հինգ տարի։ WhatsApp-ի գործադիր տնօրեն Ուիլ Քեթքարտն ասել է, որ հինգ տարի պաշտպանել են իրենց դիրքորոշումը, քանի որ, կարծում է, որ լրտեսող ծրագրերի ընկերությունները չպետք է խուսափեն պատասխանատվությունից իրենց անօրինական գործողությունների համար:

WhatsApp-ի խոսնակ Կարլ Վուգն ասել է, որ սա առաջին որոշումն է, որը պատասխանատվության է ենթարկում խոշոր լրտեսող ծրագրերի մատակարարին ԱՄՆ-ի հաքերային օրենքները խախտելու համար:

«NSO-ն այլևս չի կարող խուսափել WhatsApp-ի, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության վրա իր անօրինական հարձակումների համար պատասխանատվությունից», - ասել է Վուգը (մեջբերում է The Washington Post-ը):

NSO -ն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է ազատվի պատժից, քանի որ իր արտադրանքը վաճառում է միայն պետական մարմիններին։ Pegasus-ի մշակողի խոսքով, այս ծրագիրն օգնում է իրավապահ և հետախուզական մարմիններին պայքարել հանցավորության դեմ և պաշտպանել ազգային անվտանգությունը։ Ընկերությունը չի մեկնաբանել ԱՄՆ դատարանի որոշումը։

WhatsApp-ի հայցը լրտեսող ծրագրեր արտադրողների ամենամեծ պարտություններից մեկն է: ԱՄՆ կառավարությունը նախկինում արդեն պատժամիջոցներ սահմանել էր NSO-ի դեմ՝ նշելով, որ նրա գործողությունները հակասում են ԱՄՆ շահերին։ Այնուամենայնիվ, The Washington Post-ը գրում է, ԱՄՆ-ի դաշնակից երկրների մեծ մասը չի շտապում հետևել այս օրինակին՝ շարունակելով օգտագործել լրտեսող ծրագրերը։

Citizen Lab կանադական կազմակերպության ավագ գիտաշխատող Ջոն Սքոթ-Ռեյլթոնը, որն առաջին անգամ հայտնաբերել էր Pegasus-ը 2016-ին, որոշումը անվանել է նշանակալի՝ «լրտեսող ծրագրերի ոլորտի համար հսկայական հետևանքներով»:

Pegasus-ն օգտագործել է WhatsApp-ի և Apple-ի օպերացիոն համակարգերի խոցելիությունը՝ լուսանկարներ, էլ. նամակներ և տեքստային հաղորդագրություններ մուտք գործելու համար, այդ թվում՝ կոդավորված:

WhatsApp-ը դատի է տվել NSO-ին 2019թ։ Ընկերությունը պահանջում էր արգելանք և վնասի փոխհատուցում ՝ մեղադրելով NSO-ին առանց թույլտվության WhatsApp սերվերներ մուտք գործելու մեջ: Հայցում ասվում էր, որ հաքերային հարձակումը թույլ է տվել լրտեսել մեսինջերի 1400 օգտատերերի, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և այլախոհների:

Аpple-ը նմանատիպ հայց է ներկայացրել NSO-ի դեմ, սակայն այն հետ է կանչել սեպտեմբերին այն բանից հետո, երբ իսրայելական իշխանությունները բռնագրավել են Pegasus-ի սկզբնական կոդը, և NSO-ն հայտարարել է, որ այլևս չի կարող արտադրել ծրագիրը:

Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։

Հիշեցնենք, որ 2023-ի մայիսին Amnesty International-ը  հայտարարել էր՝ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ 

ԵԽԽՎ-ն ընդունել էր  2513 բանաձևը, ըստ որի վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։ Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է  Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։

«Անհերքելի  ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված էր  բանաձևում։

Apple ընկերությունը նույն թվականի հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։ 

Հայաստանում Pegasus-ի վարակման առաջին ալիքի ընթացքում հետաքննությունը հայտնաբերել է տասը մարդու, ովքեր թիրախավորվել են 2020-2021 թվականներին, և հայտնաբերվել է նրանց բջջային սարքերի հաջող վարակման 17 դեպք։
 

Placeholder
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը