Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Քաղաքական
10:35 23/12/2024
Աշխարհ

Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման համար պատասխանատուների անպատժելիության դեմ, որի հետևանքով զոհվել է 15 մարդ,  մի քանի տասնյակ մարդ էլ տուժել է։

dw.com-ի հաղորդմամբ, ուսանողների կողմից կազմակերպված ակցիան, ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղի է ունեցել Սլավիա հրապարակի տարածքում։ 15 րոպե լռությունից հետո հավաքվածները սկսել են սուլել։

Ոստիկանության տվյալներով,  միջոցառմանը մասնակցել է 29 000 մարդ, այդ թվում՝ ֆերմերներ, հայտնի դերասաններ և երկրի այլ շրջանների բնակիչներ:

Եվրանյուզի հաղորդմամբ, Սերբիայում շատերը փլուզման պատճառ են համարում համատարած կոռուպցիան և Նովի Սադի երկաթուղային կայարանի շենքի անփույթ աշխատանքը, որը վերջին տարիներին երկու անգամ վերանորոգվել է որպես կասկածելի մեգանախագծերի մի մաս, որոնցում ներգրավված են չինական պետական ընկերությունները: Ցուցարարները պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ի նշան վստահության՝ Սերբիայի նախագահը կիրակի օրը բացել է նորակառույց մայրուղու մի հատվածը Կենտրոնական Սերբիայում: Վուչիչն ասել է, որ զիջումների չի գնա անցումային կառավարություն ստեղծելու ընդդիմության պահանջներին և մեղադրել է իր հակառակորդներին իշխանությունը զավթելու համար ուսանողներին օգտագործելու մեջ։

«Շաբաթներ տևած բողոքի ցույցերն արտացոլում են Վուչիչի իշխանության նկատմամբ ավելի լայն դժգոհությունը: Նա պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է Սերբիան մտցնել Եվրամիություն, սակայն բախվում է ժողովրդավարական ազատությունների սահմանափակման, այլ ոչ թե դրանք խթանելու մեղադրանքների»,- գրել է Եվրանյուզը։

Placeholder