Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Քաղաքական
14:28 24/12/2024
Հայաստան

Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։ Փորձագետներն արդեն ահազանգում են՝ աշխատաժամանակի տևողությունը մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ տնտեսության, գործատուների, պետական բյուջեի համար։  Panorama.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները հիմնականում նույնպես չեն ողջունում այս առաջարկությունը։

«Տոներ կրճատեց... Չեմ հասկանում՝ ինչի՞ համար է այդ փոփոխությունը։ Եվրոպայում արդեն 7 ժամ է, բայց մեր այս քյամբախ երկրում ինչո՞ւ ես կրճատում աշխատաժամանակը»,- ասաց քաղաքացին։ 

«Մեր երկրին միայն խաղաղություն է պետք ու նորմալ ղեկավար։ Էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ, գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ 

«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ  է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»,- ասաց քաղաքացին։

Հարցմանը մասնակցած մի կին մտածում է՝ հատուկ նպատակով է արվում այս փոփոխությունը. «Մտածում եմ՝ հետևանքներ կունենա։ Հավատներս կորել է ամեն ինչի նկատմամբ»։

Կան քաղաքացիները, որոնք, իհարկե, ողջունում են, բայց կասկած ունեն՝ արդյո՞ք այդ փոփոխությունը Հայաստանում կգործի։

«Որպես աշխատող՝ շատ ուրախ կլինեմ, բայց չեմ հավատում, որ կանցնի»,- ասաց երիտասարդը։

«Փոքր երեխաներ ունեցող աշխատողների համար լավ կլինի»,- նշեց քաղաքացին։

Placeholder