«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու
Օրվա մամուլ
08:50 27/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նրա կոկորդին է, ու դրա հետ «անողոք կռիվ է տալիս»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ: Ինչպես Մայր աթոռից էին հայտնել՝ Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր:

Պարզվում է, որ հայրենի իշխանությունների «հրահանգով» Հ1-ը այս տարի ևս որոշվել է չհեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ճղճիմ պատճառաբանությամբ: Կաթողիկոսի ուղերձը, չգիտես ինչու, ցանկանում են հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, մինչդեռ տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոսի հայրապետական ուղերձը:

Ստացվում է՝ Փաշինյանի մանրախնդրությունն ու փառասիրությունը թույլ չեն տալիս, որ կաթողիկոսի ելույթն իր ելույթից առաջ հեռարձակվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder