«Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը
Օրվա մամուլ
08:44 27/12/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որին աշխատանքից ազատելուց հաշված օրեր անց ձերբակալեցին, ապա տնային կալանք տվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ընդամենը հայտնեցին, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել։

Ծառուկյանի նախկին թիմակից Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ․ դեկտեմբերի 17-ից։ Մինչ այդ նա Աբովյանի քաղաքապետն էր` 2015թ. ընտրվել էր ԲՀԿ ցուցակով, ապա՝ վերընտրվել, այս անգամ՝ որպես անկուսակցական։ Նրա մտերիմներից մեկի փոխանցմամբ, Գևորգյանին մեղադրում են թե՛ կոմիտեում հայտնաբերված խախտումների համար, թե՛ քաղաքապետի պաշտոնում` «պաշտոնեական դիրքի չարաշահման»։

Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են Կոտայքի մարզպետարանում 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։ Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների և այլնի մասով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder