Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Քաղաքական
13:41 29/12/2024
Տարածաշրջան

Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ

Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։

«Ես լքում եմ նստավայրը և ինձ հետ տանում եմ լեգիտիմությունը, որտեղ մարդիկ չկան, ես կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,-հավաքված աջակիցների առջև ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր լրացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և նրա հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին նոր խորհրդարանական ընտրությունների ժամկետ նշանակելու վերջնագիրը։

«Այստեղ ոչ ոք չի եկել, և նրանք ինձ պատասխանել են սպառնալիքներով և հաշվեհարդարներով»,-«Սպուտնիկ Գրուզիայի» փոխանցմամբ, ասել է Զուրաբիշվիլին։

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Զուրաբիշվիլին վերջնագիր էր ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ու նրա պատվավոր նախագահ ու հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Այն ժամանակ Վրաստանի գործող նախագահը «Վրացական երազանք»-ին մեկ շաբաթ ժամանակ էր տվել՝ նոր ընտրությունների օրը նշանակելու համար։

Այդ ընթացքում Միխեիլ Կավելաշվիլին խորհրդարանի շենքում երդվեց վրաց ժողովրդին և դարձավ Վրաստանի վեցերորդ նախագահը։

«Ես՝ Վրաստանի նախագահը, երդվում եմ Աստծո և ժողովրդի առջև, որ պաշտպանելու եմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, ամբողջականությունն ու անբաժանությունը, բարեխղճորեն կկատարեմ նախագահի պարտականությունները, կհոգամ իմ երկրի քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, իմ ժողովրդի ու Հայրենիքի վերածնունդն ու հզորացումը»,- ասել է Կավելաշվիլին։

Կավելաշվիլին երդում է տվել Վրաստանի Սահմանադրության օրինակի վրա, որը հատուկ տպագրվել է այս օրվա համար։ Այնուհետև այդ օրինակը կտեղափոխվի Խորհրդարանի թանգարան և նախատեսվում է օգտագործել հաջորդ երդմնակալության համար:

Placeholder