Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Կրթություն, գիտություն
16:20 14/01/2025
Հայաստան

Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ

Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Երկու անգամ փորձելու հնարավորությունը շատերին է գրավել։ Ենթադրվում է, որ բոլորը, կամ գրեթե բոլորը, ով այս տարի բուհ է դիմելու, հիմա քննություն է տալիս»,- նշեց Խ. Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երկու փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը, քննությունները կհանձնեն հունիս-հուլիսին։

Միասնական քննություններ երկու փուլով առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին։ Այդ տարի միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին մասնակցել էր ավելի քան 6000 դիմորդ։ 2024-ին միասնական քննությունների 1-ին փուլին հայտագրվել էր 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար), քննություն էր հանձնել 9604 դիմորդ։ 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2025  ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը՝

25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն»
01.02.2025՝ «Օտար լեզուներ»
02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»
08.02.2025՝ «Մաթեմատիկա»
09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
 

 

Placeholder