Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին
Առողջություն
14:40 17/01/2025
Հայաստան

Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ:

ԱՆ-ից նշում են, որ արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։

Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`

. ծխելը,
. վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով,
. հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։

Գանգատները`
.հազ, դող, տենդ, հևոց, կրծքավանդակի ցավ, թարախային խորխ, ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն,
.տարեցների մոտ տիպիկ գանգատները կարող են բացակայել, և կլինիկական պատկերում առաջին պլան է մղվում թունավորման համախտանիշը (քնկոտություն կամ անհանգստություն, գիտակցության մթագնում, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում) կամ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների  (շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն և այլն) սրացումը:

Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները երեխաների մոտ`
.Հաճախաշնչությունը կամ դժվարաշնչությունը, որը ԱՀԿ սահմանման համաձայն` մինչև 2 ամսական երեխաների մոտ՝ 60 մեկ րոպեում, 2-ից 12 ամսականների մոտ՝ 50 մեկ րոպեում, 1-ից  5 տարեկանների մոտ`  40 մեկ րոպեում, 5-ից 10 տարեկան երեխաների համար` 30 մեկ րոպեում, 10-ից բարձր՝ 24 մեկ րոպեում,

. կրծքավանդակի ներքաշումները,  ռնգախաղը,  շուրջբերանային և կենտրոնական մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորումը  ևս թոքաբորբով պայմանավորված շնչական անբավարարության նշաններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:

Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ  48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։

Խորհուրդները` ընտանեկան բժշկության գծով առողջապահության նախարարության  խորհրդատու Սամվել Հայրումյանից

 

Placeholder