Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
Իրավունք
11:53 23/01/2025
Հայաստան

Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին

«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե էր պակասում, որ լիներ կես ժամ ուշացումով»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ժամանակ  դիմելով դատավորի Սարգիս Պետրոսյանին՝ ասաց ԶՈՒ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Նա առաջարկեց կամ նիստերը մոտավորապես նշանակել, կամ էլ ժամանակին գալ։

«Ե՞րբ սա կավարտվի, ինչքա՞ն կարելի է սպասել։ Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք։ Գոնե ներողություն խնդրեիք»,-խոսքը շարունակեց Խաչատուրովը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը, որը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից, ասաց՝ Խաչատուրովի մտահոգությունն ընդունելի է։

«Միգուցե հայերեն ասացի, էդ  մասը... Պարոն Պողոսյան, միգուցե Դուք թարգմանեք, որ դատարանը բավարար պարզաբանում տվել է 20 րոպե ուշացման հետ կապված։ Նշեցի, որ թարգմանիչը չի եկել, հեռախոսազանգի միջոցով էլ տեղեկացրել է, որ ևս կես ժամ կուշանա։ Այդ մասով պարզաբանում տվել եմ»,- ասաց դատավարը՝ դիմելով Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին։

Պողոսյանն արձագանքեց՝ որ պարզաբանումը պետք է տրվեր հնարավորինս շուտ՝ նախապես տեղեկացնելով ուշացման պատճառների մասին։ Դատավորն ասաց, ի նկատի կունենա հաջորդ անգամ։

Placeholder