Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Կրթություն, գիտություն
15:23 25/01/2025
Հայաստան

Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ

Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:

«Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606  հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ»,- նշում են ԿԳՄՍՆ-ից։

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։

Placeholder