Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
ԳԱԱ-ում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակին։
Մաեստրոյի 86-ամյակը լրանում է այսօր։
Գրքի առաջին օրինակը նվեր ստացավ հենց մաեստրո Մանսուրյանը։
«Տիգրան Մանսուրյանն իր գոյությամբ, իր գործունեությամբ զարգացրել է հայ մշակույթը, հատկապես երաժշտական մշակույթը։
Նա նաև գնահատված արվեստագետ է, արժանացել է պետական մրցանակի, ստացել է շատ մրցանակներ, շքանշաններ, մեդալներ, որոնց նա, իրապես, արժանի է»,- գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։
Այս գիրքը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված 1-ին հիմնարար գիտական ուսումնասիրությունն է։
Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց. «Տիգրան Մանսուրյանի մասին մենագրություն չի գրվել մեզանում, բայց նա այն հեղինակներից է, ում մասին մեր իրականության մեջ խոսքի պակաս չի եղել։ Աննա Արևշատյանը, իսկապես, առաջին անգամ Տիգրան Մանսուրյանի մասին համահավաք կերպով մենագրություն է առաջարկում»։
Աննա Արևշատյանն ասաց, որ սկզբում իրեն թվացել է՝ մենագրությունը կարող է գրել 6-7 ամսվա ընթացքում, բայց ընթացքում հասկացել է, որ ինչ իրեն հայտնի է, այսբերգի երևացող մասն է, իսկ մաեստրոյի ողջ ստեղծագործական ժառանգությունը հսկայածավալ է՝ բազմաժանր, բազմաշերտ։
Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց Աննա Արևշատյանին իրեն նվիրված մենագրության համար. «Շնորհակալ եմ Երվանդ Երկանյանին, որ տանն Աննան ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ հեղինակի նվիրի այսքան ուշադրություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։