Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց ազատազրկման
Իրավունք
13:34 29/01/2025
Հայաստան

Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով մեղադրական վճիռը։ Դատարանը մեղավոր ճանաչեց Մամիկոն Ասլանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով առաջադրված մեղադրանքներում։ Որպես վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 4 տարի 4 ամիս ժամկետով, տուգանքը՝ 500,000 ՀՀ դրամի չափով, հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 տարի ժամկետով։

Հաշվակցելով Մ.Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։

Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը դատարանը թողել է անփոփոխ ՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ  Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք։

2 տարի 7 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո նա 10 մլն դրամ գրավի դիմացազատ էր արձակվել 2024 թվականի հուլիսի 16-ին։ 

 

 

Placeholder