Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի նախկին սենատոր, հայամետ քաղաքական գործիչ Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ քաղաքական գործիչը դատապարտվել է կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքներով։
Ըստ աղբյուրի, նա կանխիկ գումար, Mercedes Benz և ոսկու ձուլակտորներ է վերցրել երեք գործարարների և Եգիպտոսի կառավարությանը օգնելու դիմաց։
«Դուք Ձեր առջև տեսնում եք պատժված մարդու»,-դատարանում հայտարարել է նախկին սենատորը՝ արձագանքելով դատավորի այն հարցին, թե ի՞նչ է ստիպել նրան գնալու այդ քայլին, արդյոք միա՞յն ագահությունը։
Դատավճռի ու դատավարության հետևանքով կտրուկ անկել է ազդեցիկ սենատորի հեղինակությունը, որը ծնվել է կուբացի էմիգրանտների ընտանիքում։
Անցյալ տարի Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել 16 հանցագործության համար, այդ թվում նաև երկարատև կոռուպցիոն սխեմայի համար, ինչը նրան դարձրեց ԱՄՆ առաջին սենատորը, ով մեղադրվել և դատապարտվել է որպես օտարերկրյա կառավարության գործակալ հանդես գալու համար:
Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի սեպտեմբերին կնոջ՝ Նադինի հետ միասին, սակայն նրա դատավարությունները դադարեցվել էին, քանի որ նրա մոտ ախտորոշվել էր կրծքի քաղցկեղ։
Նադին Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել և մարտին կկանգնի դատարանի առաջ։