Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թոփչյան. Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի, երբ հայկական նվագախմբում պղնձյա փողայիններն ավելի լավ են հնչում, քան լարայինները
Հայ պատանի տաղանդավոր երաժիշտները ելույթ կունենան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգի շրջանակում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին, 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց կամերային սրահում, մուտքն ազատ է: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։
«ԵրազԱրտ» նախաձեռնությունն արդեն 19 տարի է ինչ ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սերտ համագործակցությամբ: Այն ուղղված է հայ տաղանդավոր պատանի երաժիշտների կատարելագործմանն ու նրանց կարիերայի առաջխաղացմանը: «ԵրազԱրտ»-ում դասավանդում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտները, դասընթացները տեղի են ունենում ինչպես ողջ տարվա ընթացքում, այնպես էլ ամառային դպրոցի ձևաչափով: Ուշադրության կենտրոնում են Երևանի երաժշտական դպրոցների, քոլեջների և կոնսերվատորիայի տաղանդավոր սաները, որոնց հնարավորություն է տրվում կատարելագործել իրենց կատարողական հմտությունները Ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձառու, նվագախմբային և մենահամերգային պրակտիկ գործունեություն ծավալող երաժիշտների հսկողությամբ: Պատանի երաժիշտներին տրամադրվում են բարձրորակ, թանկարժեք գործիքներ. մինչ օրս արտասահմանից ձեռք է բերվել ավելի քան 140 երաժշտական գործիք և բազմաթիվ աքսեսուարներ:
Ուշադրության կենտրոնում հիմնականում պղնձյա և փայտյա փողային գործիքներ նվագող պատանիներն են, կան նաև կոնտրաբասահարների և հարվածային գործիքների դասարաններ, ծրագրվում է կազմել նաև ալտահարների դասարան: Աշակերտներին վարպետության դասեր են տալիս նաև Ազգային ֆիլհարմոնիկի հրավիրյալ աշխարհահռչակ մենակատարները, նրանց անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակցելու և արտասահմանում անվանի երաժիշտների մոտ վարպետության դասերի կուրս ստանալու համար: Օրինակ՝ «ԵրազԱրտ»-ի աջակցությամբ՝ այժմ տաղանդավոր պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Շվեյցարիայում կատարելագործվում է աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնի մոտ, իսկ գալարափողահար Մարինե Դավթյանը՝ Նորվեգիայ հեղինակավոր AGDER համալսարանում:
«ԵրազԱրտ» նախաձեռնության ղեկավար և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերն Արման Պադարյանը նշում է. «Մեր երկրի գլխավոր նվագախմբում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկում, կենտրոնացած են լավագույն ուժերը: Սակայն մի քանի տասնամյակ է, ինչ գոյություն ունի նվագախմբի փոխարինող կազմի, ինչպես նաև սերնդափոխության խնդիր, հատկապես փողային խմբերում: Երկարամյա հետևողական գործունեության շնորհիվ, այժմ ունենք պղնձյա և փայտյա փողային պատանի երաժիշտների խոստումնալից խումբ, որոնք մասնագիտանում են ոչ միայն մենակատարի, այլ նաև նվագախմբային երկացանկի մեջ: Եվ որ շատ կարևոր է, նվագում են փորձառու, ավագ սերնդի երաժիշտների հետ մեկ բեմի վրա, անգամ նույն նվագախմբում, այս երաժշտական փորձառությունը շատ կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի համար»:
Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գործող նորաստեղծ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում են 18 երաժիշտ, որոնք ավելի քան 12 տարի է կատարելագործվում են «ԵրազԱրտ»-ում: Պատանեկան նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը առաջին փորձերի ժամանակ նշել է. «Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի, երբ հայկական նվագախմբում պղնձյա փողայիններն ավելի լավ են հնչում, քան լարայինները»:
Տարիների ընթացքում «ԵրազԱրտ»-ի դասընթացներին մասնակցել են հարյուրավոր աշակերտներ, այս տարի նրանց թիվը 35-ն է: Միջազգային համերգային գործունեության և կրթության նպատակով աջակցություն է տրամադրվել այնպիսի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, ինչպիսիք են ջութակահարուհի Դիանա Ադամյանիը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, թավջութակահար Արտյոմ Իոնիսյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը և շատ ուրիշներ: «ԵրազԱրտ» նախաձեռնությունը Հայաստանում գործում է «ԵրազԱրտ» Բոստոն հիմնադրամի աջակցությամբ:
.jpeg)


.jpg)
.jpg)
.jpg)

.jpeg)