Կլիմայի փոփոխությունը փոխում է Գրենլանդիայի լճերը
Աշխարհում
15:49 01/02/2025
Հայաստան

Կլիմայի փոփոխությունը փոխում է Գրենլանդիայի լճերը

Գրենլանդիայում հազարավոր լճեր զգալի փոփոխությունների են ենթարկվել գլոբալ տաքացման պատճառով: Այս մասին ասվում է Մենի համալսարանի կողմից անցկացված հետազոտության մեջ, որը հունվարի 28-ին հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամերիկյան գիտական ​​ամսագրում։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ, Արևմտյան Գրենլանդիան ունի տասնյակ հազարավոր լճեր, որոնք բնակիչներին ապահովում են խմելու ջրով և մթնոլորտից կլանում են ածխածին: Սակայն  ռեկորդային շոգից և անձրևներից երկու ամիս հետո՝ 2022 թվականի աշնանը մոտ 7500 լճեր մգացել են, սկսել են ածխածին արտանետել, և դրանց ջրի որակը վատացել է:

2023 թվականի հուլիսի դրությամբ այդ լճերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները դեռ չեն վերադարձել նորմայի, և սա, ինչպես նշում են փորձագետները, շատ լայնածավալ վերափոխում է, որը սովորաբար տեղի է ունենում հարյուրավոր տարիների ընթացքում: Համաձայն հետազոտության՝ Գրենլանդիայում աշնանը սովորաբար ձյուն է գալիս, սակայն ջերմաստիճանի կտրուկ աճի պատճառով տեղումները անձրևի տեսքով են տեղացել։ Բարձր ջերմաստիճանից նաև հալվել է բազմամյա սառցույթը, որը պարունակում է օրգանական ածխածնի զգալի քանակություն, որը հանգեցրել է մեծ քանակությամբ ազատ ածխածնի, երկաթի, մագնեզիումի և այլ տարրերի ազատմանը։

Երբ ռեկորդային քանակությամբ անձրև է տեղացել այն լվացել է վերջերս մերկացած այդ մետաղներն և ածխածինը ցամաքից դեպի արևմտյան Գրենլանդիայի լճեր՝ դրանք դարձնելով դարչնագույն: Բազմամյա սառցույթից լուծված օրգանական ածխածնի և սննդանյութերի ներհոսքը կարող է նպաստել բակտերիաների աճին և առաջացնել ջրի ոչ հաճելի համ և հոտ, ինչպես նաև փոխել գույնը: Լճերի ֆիզիկական և քիմիական հատկությունների փոփոխությունները հանգեցրել է նրան, որ դրանք ավելի անթափանց են դարձել, և դրանց մակերևույթով ավելի քիչ լույս է թափանցել:

Լուսավորության մակարդակի նվազումը հանգեցրել է պլանկտոնների կենսաբազմազանության նվազմանը, ինչը լուրջ հետևանքներ է ունեցել տարածաշրջանի ածխածնի ցիկլի վրա: Հետազոտողները հայտնաբերել են ֆիտոպլանկտոնի քանակի նվազում, որը ֆոտոսինթեզի միջոցով կլանում էր ածխաթթու գազը մթնոլորտից, և պլանկտոնի քանակի ավելացում, որը քայքայվում և արտազատում է ածխածին։ Ամռանը ածխաթթու գազը պահելու փոխարեն, լճերը դարձել են դրա աղբյուր, ընդ որում այդ ջերմոցային գազի հոսքը հենց լճերից ավելացել է 350%-ով:

Placeholder