Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. Hetq
Հասարակություն
08:36 01/02/2025
Հայաստան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. Hetq

«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ երեկ առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

ԶՊՄԿ-ն 2024 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն է:

Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:

«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշել է «Հետքի» զրուցակիցը:

Ըստ կոմբինատի աշխատակցի, գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում:

«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին և բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների և վերադասի միջև, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր և այլն»,- ասել է «Հետքի» զրուցակիցը:

Կոմբինատի աշխատակիցը նշել է, որ իրենք միշտ էլ բարձրացրել են այս հարցերը, իսկ մինչև գործադուլ անելն այս պահանջները ներկայացրել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը, սակայն որևէ լուծում չեն ստացել:

Նախքան գործադուլ կազմակերպելը, կոմբինատի աշխատողները հանդիպել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը: Հանդիպումը, ըստ զրուցակցի, անցել է ոչ կառուցողական մթնոլորտում, և իրենց ներկայացրած պահանջները չեն բավարարվել: Այդ հանդիպումից հետո էլ աշխատակիցները որոշել են դիմել գործադուլի:

Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը: 

Ըստ ԶՊՄԿ-ի աշխատակցի, կոմբինատը գործադուլի պատճառով երեկ չի աշխատել: Մյուս կողմից՝ քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, աշխատանքի չեն վերադառնալու:

Placeholder