«Հրապարակ». USAID գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում
Օրվա մամուլ
08:28 05/02/2025
Հայաստան

«Հրապարակ». USAID գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև՝ Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից: Բայց խուճապի մեջ են նաև ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք:

Արդեն իսկ որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ արտահայտվում են, որ իրենց կորուստները պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությունը: Եվ եթե նրանց ֆինանսավորումը մոտ ապագայում չվերականգնվի, ապա հնարավոր է՝ իշխանությունը որոշ ՀԿ-ների ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցնի։ Հիշեցնենք․ գրասենյակի փակվելը Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է եղել, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում։

USAID-ն ստեղծվել է 1960-ականների սկզբին և կառավարում է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին տրամադրվող աջակցության ծրագրերը։ Կազմակերպությունը բազաներ ունի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դոնալդ Թրամփն արտերկրում կատարվող խոշոր ծախսերի և այլ երկրների տրամադրվող օգնությունների քննադատն է, իսկ USAID-ն ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյաներին որակել է որպես «արմատական խելագարներ»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder