Երբ համեմատում ենք ոլորտում Հայաստանի հարկային քաղաքականությունն այլ երկրների հետ, մենք պարտվում ենք. Արտավազդ Մինասյան
Տնտեսություն
17:22 06/02/2025
Հայաստան

Երբ համեմատում ենք ոլորտում Հայաստանի հարկային քաղաքականությունն այլ երկրների հետ, մենք պարտվում ենք. Արտավազդ Մինասյան

«Մենք միությունով առաջարկել ենք համահարթ մոտեցումը՝ 10 %-ով նվազեցնել եկամտահարկը բոլորի՝ ՏՏ-ի և հեռահաղորդակցման ոլորտում»,-ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ այդ փոփոխությունը Հայաստանը բավականին մրցակցային կդարձներ, բայց կառավարությունը  հրաժարվել է այն անել։

Կարապետյանը պատմեց, որ կառավարությունը ոլորտի վերաբերյալ օրենք է մշակել, որի վերաբերյալ ԱՏՁՄ-ն կարծիք չի կարողացել հայտնել անճշտությունների պատճառով, որից հետո ԲՏԱ նախարարը հայտարարել է, թե այդ օրենքը պետք է ընդունվի, իսկ ԱՏՁՄ-ի հետ կաշխատեն ենթաօրենսդրական ակտերով, և հունվարին ուղարկվել է դրանցից մեկը, որն ունի բազմաթիվ խնդիրներ։

Նշելով, որ նախագիծը քննարկելու համար իրենց տրվել է 10 օր՝ Կարապետյանն ասաց. «Ոճը, որով կառավարությունն աշխատում է ԱՏՁՄ-ի հետ, չենք հավանում, քանի որ միությունները 225 ընկերություն են և հնարավոր չէ թեկուզ մեկ շաբաթվա ընթացքում գնալ կոնսենսուսի»։

Նա նշեց, որ կիբերանտվանգության և կրիպտոարժութների կարգավորումների հետ նույնպես նման խնդրահարույց կարգավորումներ կան։

«Երբ որ համեմատում ենք ոլորտում Հայաստանի հարկային քաղաքականությունը այլ երկրների հետ, մենք այդտեղ պարտվում ենք և տեղի ունեցավ այն, ինչը սպասում էինք՝ շատ ընկերություններ ուղղակի գնացին Հայաստանից»,-հայտարարեց «Կրիսպ» համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը։

Նրա խոսքով, առաջարկված օրենքով կրկին Հայաստանը մնում է անմրցունակ։

RND-ի ոլորտում եկամտհարկի նվազեցում է սահմանվել օրենքով, բայց հստակ չի նշված, թե այն ինչ է նշանակում։

«Այն ավելի շուտ նեղ է բնութագրվել՝ ավելի շատ ինովացիայի, նոր գիտելիք ստեղծելուն է միտված։

Արդյունքում, եթե ոլորտում կա 30 հազարից ավել աշխատակից, ապա այդ սահմանումը միայն 5 %-ի վրա կարող է ազդել»,-ասաց Մինասյանը և նշեց, որ առաջին պահանջն է  Գիտահետազոտական աշխատանքների դրույթի պարզեցումը և դրա տակ  ԲՏԱ-ի ոլորտի ընդգրկումը։

«ՏՏ ոլորտում ընդհանուր անկումը գործելաոճի, տեղ-տեղ անգործության, կամ առնվազն դանդաղկոտության հետևանք է»,-ասաց  «Ըրլիուան» գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը։

Placeholder