Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
12:36 06/02/2025
Հայաստան

Գործադուլը ԶՊՄԿ-ի արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է. Գևորգ Պապոյան

«Բնականաբար մտահոգված ենք, որովհետեև եթե Հայաստանի էկոնոմիկայի առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, այն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի վերաբերյալ կոմբինատի բաժնետոմսերի 22 % տնօրինող կառավարության գործողությունների մասին հարցին։

Նրա խոսքով՝ կառավարության համար ամենակատարյալ տարբերակը կլինի այն, որ  հնարավորինս շուտ հանքարդյունաբերական համալիրը սկսի իր աշխատանքը։

Պապոյանը խուսափեց պատասխանել հարցին, թե որպես բաժնետեր ինչ է անում կառավարությունը ԶՊՄԿ-ում գործադուլի խնդիրը լուծելու համար։

«Կարծում եմ, որ այն արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է»,-էկոնոմիկայի նախարարը և նշելով, որ որպես էկոնոմիկայի նախարարություն շահագրգռված է, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերական գործունեությունը, հավելեց. «Կոմբինատի բաժնետերը ՀՀ քաղաքացին է և  դրա արդյունքում արդեն 33 մլրդ դրամ է մուտք գործել պետական բյուջե»։

Պատասխանելով «հեղափոխությունից հետո» ՔՊ-ականների հարստացման մասին հարցին Պապոյանը խորհուրդ տվեց ծանոթանալ իր եկամտի հայտարարագրին։

«Մեկ բնակարան իմ աշխատավարձով գնել եմ մինչև իշխանափոխությունը, մեկ բնակարան էլ արդեն իշխանափոխությունից հետո, կրկին իմ աշխատավարձով»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

Placeholder