Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Կրթություն, գիտություն
17:23 08/02/2025
Հայաստան

Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակի առիթով նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Թումանյանի թանգարանը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ։
Թանգարանի տնօրեն Լուսիեն Ղարախանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այդ օրը սկսելու են Թումանյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելով։

Օրվա ընթացքում Թումանյանի թանգարանում (Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն–թանգարան / Հովհ. Թումանյան թանգարանի ժամանակավոր ցուցասրահ) լինելու է՝ «Իմ Թումանյանը» նկարչական մրցույթի ամփոփում, «Դու քո ճամփեն գնա քույրի՜կ... Թումանյանը և կանայք» գրական բանավեճ (բանախոսներ՝ բ.գ.թ., գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և բ.գ.թ., գրականագետ Հայկ Համբարձումյան), «Կյանքը գրքերեն» ձեռագիր գրքի ստեղծագործական մեկնարկ (հեղինակ՝ ժողովուրդ),  «Նվարդ Թումանյան.Նամականի, Գիրք Բ» շնորհանդես, համերգային ծրագիր «Մեղեդի» լարային քառյակի մասնակցությամբ,  «Գաղտնի Թումանյան» գրքատոն խաղ-մարտահրավեր։

Լ.Ղարախանյանը նշեց, որ «Նվարդ Թումանյան.Նամականի, Գիրք Բ»  գրքում ներկայացված են մեծամասամբ անտիպ նամակներ։ Իսկ ինչ վերաբերում է «Կյանքը գրքերեն» ձեռագիր գրքի ստեղծագործական մեկնարկին, թանգարանի տնօրենը մանրամասնեց, որ գիրքն իրենից ներկայացնելու է մաքուր թղթեր. «Առաջինը ես կսկսեմ գրել, մի հինգ նախադասություն, այնուհետև կշարունակի Արքմենիկ Նիկողոսյանը, մյուս ներկաները։ Մեկ տարի գիրքը լինելու է թանգարանում, յուրաքանչյուր այցելու՝ գրող, մտավորական, զբոսաշրջիկ, ավագ դպրոցի աշակերտներ, կարող են շարունակել։ Պարտադիր չէ Հովհաննես Թումանյանի մասին լինի գրառումը։ Մեկ տարի անց՝ կրկին նույն օրը կամփոփենք, թե ինչ է գրել ժողովուրդը»։ 

Լ. Ղարախանյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, Թումանյանի անձնական գրադարանի առաջին գրքի` «Վերք Հայաստանի» 1858 և 1908 թթ. հրատարակությունները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝  «Մեր ազգի սիրած Վերք Հայաստանին» համատեղ ժամանակավոր ցուցադրության շրջանակում։

«Մեզ հետ Աբովյանի տուն-թանգարան ենք տանելու Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը, որը հիմքն է եղել նրա հզոր՝ 8000 և ավելի գիրք ունեցող գրադարանի։ Աբովյանի տուն-թանգարանում բանախոսություն կլինի, թե ինչպես է Աբովյանի  «Վերք Հայաստանի» գիրքն անդրադարձել Թումանյանի վրա, ճակատագրական եղել նրա գեղարվեստական-մշակութային հայացքի ձևավորման գործում»,- ասաց նա։


 

Placeholder