Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին
Իրավունք
13:27 10/02/2025
Հայաստան

Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին

«Աշխատողները ցանկացած ժամանակ իրավունք ունեն ցանկացած պահանջ դնելու՝ աշխատավարձի, աշխատանքային  պայմանների, անվտանգության  վերաբերյալ, իրավունք ունեն գործադուլ հայտարարելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը՝ պատասխանելով  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի մասին հարցերին։

Նա նշեց, որ գործադուլի հայտարարման կարգը սահմանված է Աշխատանքային օրենսգրքով, եթե աշխատողները սահմանված կարգով հայտարարված գործադուլի մեջ են գտնվում, այդ ժամանակահատվածում Աշխատանքային օրենսգրքի  համաձայն, իրավունք չունեն ազատել աշխատանքից։

Իրավաբան-էկոլոգի խոսքով, եթե  հանքարդյունաբերության ոլորտում աշխատողները բողոքում են իրենց պայմաններից,  խոսում է  այն մասին, որ  հանքարդյունաբերությունը Հայաստանում չի կարող գերակա ճյուղ լինել։

«Միշտ ասում են, որ դա ամենաշատ եկամտաբերն է,  պետությանն ամենաշատ շահույթ է բերում, աշխատատեղեր է բացում և այլն, բայց այսօր  տեսնում ենք, որ աշխատողները բողոքում են և ոչ միայն այդ հանքում։  Բոլոր հանքերից էլ դժգոհ են, աշխատավարձներն այդ պայմանների համար բավականին ցածր է, մարդիկ իրենց պահանաջները դնում են»,-  ասաց   Ն. Վարդանյանը։

Նա կարծում է, որ  տվյալ դեպքում կառավարությունը նույնպես պատասխանատու է, քանի որ  կառավարությունն ունի բաժնեմաս, բացի այդ, պատասխանատու է  յուրաքանչյուր աշխատողի՝ հատկապես նման ծանր աշխատանքային պայմաններում  աշխատող աշխատողների համար. «Տվյալ դեպքում կառավարությունն ունի բաժնեմաս, կարծում եմ, կառավարությունը  նույնպես պետք է արձագանքի, որը մինչև օրս չի անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Կառավարությունն ունի բաժնեմաս, պետք է արձագանքի. Նազելի Վարդանյանը՝ ԶՊՄԿ-ում գործադուլի մասին