Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի երկու տեղակալի հետ
Քաղաքական
22:52 11/02/2025
Տարածաշրջան

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի երկու տեղակալի հետ

Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ  դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի և քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: 

«Քազեմ Ղարիբաբադիի հետ  քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և  ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: 

Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը:

Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:  

Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:

ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ»,-հայտնում են դեսպանատնից:

Placeholder