Ովքե՞ր են ԶՊՄԿ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրների վրա ձեռքեր «տաքացնող» մերձիշխանական շրջանակները
Հասարակություն
17:01 12/02/2025
Հայաստան

Ովքե՞ր են ԶՊՄԿ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրների վրա ձեռքեր «տաքացնող» մերձիշխանական շրջանակները

ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլն ավարտվեց, կոմբինատն արդեն աշխատում է։ Հիմա հերթը հնչած հայտարարությունների ուղերձներն ու դրանց հասցեատերերին վեր հանելն է։

Գործադուլի ողջ ընթացքում կոմբինատի 22 տոկոսի բաժնետեր կառավարության լռությունն ու լոյալությունը կասկածներ էին առաջացրել շատերի մոտ։ Ինչո՞ւ էին լռում պետական մարմինները, երբ հանրապետության թիվ մեկ հարկատուն միլիոնավոր դոլարների վնաս էր կրում։ Այս ու այլ հարցեր հիմք էին տալիս ենթադրելու, որ սոցիալական խնդիրների պատճառով աշխատակիցների բողոքի ակցիայից  որոշ շրջանականեր ուզում էին օգտվել։

«Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար։ Դրանք ուժեր են, որոնք ուզում են վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա։ Ես աշխատանքից ազատել եմ ութ անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Ես համարում եմ, որ այդ մարդկանց միջոցով է կոլեկտիվն օգտագործվել երրորդ ուժերի կողմից, որևէ մարդ, նրանցից բացի, չի հեռացվելու»,-երեկ հրապարակված հարցազրույցում մասնավորապես ասել է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Ի դեպ, աշխատանքից ազատված ութ աշխատակիցներից երեքը եղբայրներ են։ Ըստ լուրերի, նրանք «Հանրապետություն» կուսակցության անդամներ են։

Panorama.am-ը ԶՊՄԿ մամուլի հետ կապերի պատասխանատու Արայիկ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուժերի ի նկատի ուներ ընկերության գլխավոր տնօրենը։

«Ավելին ասել չենք կարող, այն ինչ, որ ասվեց, կարծում ենք՝ բավարար է, և այդ ուժերն իրենց տեսան ու ճանաչեցին»,-ասաց Մարգարյանը։

«Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որի ղեկավարած քաղաքական ուժը Քաջարանում իշխող «Դեպի միասնություն» դաշինքի մաս  է կազմում,  համոզված է՝  Խուդոլին ակնարկում է, որ գործադուլի հետևում կան «ականջներ», որոնց նպատակը, ըստ էության, սեփականության վերաբաժանմանը հասնելն է:

«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ, գործադուլը մաքուր սոցիալական ենթատեքստ չունի:  Ես չեմ ուզում այս պահին անուններ բացահայտել։ Միայն մի բան կասեմ, որ իսկապես, այնտեղ կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են անհանգստացնել աշխատողներին, վերջինները կարող են բազմաթիվ հարցերից դժգոհ լինել։ Բայց իմ կարծիքով, մերձիշխանական շատ հայտնի շրջանակները  գուցե նպաստում են սեփականության  վերաբաժանման ձգտող կառավարության ցանկությանը։ Ի դեպ,  տարօրինակ է, որ 22 տոկոսի բաժնետեր հանդիսացող կառավարությունը շատ իներտ դիրքորոշում ունի, մանավանդ, որ օրական 400 մլն դրամի վնասի մասին է խոսքը, իսկ դա ահռելի գումար է Հայաստանի նման երկրի համար։ Սրանք են ինձ ստիպել նման կտրուկ գնահատական հայտնել, նաև ունեմ որոշակի փաստեր»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահը։

Մերձիշխանական շրջանակներին տեսնելու համար Սուրենյանցը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել սոցցանցերում վերջին օրերին այդ թեմայով արված գրառումներին ու դրանց հեղինակներին։

«Այդ խեղճ մարդկանց սոցիալական խնդիրների վրա հայտնի շրջանակները հեռուն գնացող քաղաքական հաշվարկներ են կառուցում, իսկ իշխանությունն առնվազն դիտորդի կարգավիճակ ուներ»,-ասաց Սուրենյանցը։

Անսալով Սուրենյանցի խորհրդին՝ մի պարզ որոնում կատարեցինք Ֆեյսբուք սոցիալական ցանցում. ԶՊՄԿ-ում բողոքի ակցիաների վերաբերյալ իրենց էջերում հետևողական կերպով գրառումներ են արել, օրինակ, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը և այլք։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մեկ այլ արևմտամետ գործիչ՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը  «Դիլեմա» հաղորդման  ժամանակ մասնավորապես հայտարարել էր.

«Ես բազմիցս առաջարկել եմ ՀՀ իշխանությանը լիցենզիա տալ ամերիկյան, ֆրանսիական ընկերության։ Այդ մրցակցությանը «Գեոպրոմայնինգ»-ը, որի կազմում է ԶՊՄԿ-ն, չի դիմանա, ստիպված կվաճառի, կգնա»։

Placeholder
Ովքե՞ր են ԶՊՄԿ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրների վրա ձեռքեր «տաքացնող» մերձիշխանական շրջանակները