Համակարգչային խաղերը, որոնք դերային են, կարող են ազդել երեխայի հոգեկան կերտվածքի վրա. Հոգեբան
Առողջություն
14:18 12/02/2025
Հայաստան

Համակարգչային խաղերը, որոնք դերային են, կարող են ազդել երեխայի հոգեկան կերտվածքի վրա. Հոգեբան

«Մոտավորապես 1-1.5 տարի հետ համակարգչային խաղերից կախվածությունը պաշտոնապես համարվելու է որպես հոգեկան և վարքային խանգարում, որպես ախտորոշում»,-ասուլիսում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե համակարգչային խաղերի և դեռահասների շրջանում ինքնավնասման, ինքնասպանության դեպքերի միջև արդյո՞ք կապ կա։

Նրա խոսքով, համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնող երեխան, ընկղմնվելով այս կամ այն կայքերում, փնտրում է  իր հաստատվելու մի դաշտ, որտեղ ինքն ընդունված է, որտեղ իրեն գովում են ինչ-որ չնչին դժվարություն հաղթահարելու համար։

«Այնպես չէ, որ համակարգչային խաղերն անմիջապես կարող են հանգեցնել դժբախտ վերջաբանի, քանի որ հիքմերը ևս գտնվում են ընտանիքում, հոգեբանական այն միջավայրում, որտեղ երեխաները մեծանում և զարգանում են»,- ասաց  Կարինե Թաթարյանը։

Նա կարևորեց ծնողի դերը. «Մենք մեր հասարակությունում նկատում ենք՝ ինչ-որ մի անհաջողություն գրանցելու պարագայում համեմատություն այլ երեխաների հետ, ինքնագնահատականը  նվազեցնող արտահայտություններ, եթե չստացվեց, ուրեմն չես կարող, աշխատասիրություն չունես, ինչու մեկի մոտ ստացվեց, քո մոտ՝ ոչ, մինչդեռ կարելի է  նստել, փորձել հասկանալ, թե ինչու չստացվեց,  միասին հասկանալ ու գտնել հանգուցալուծման ուղիներ։
Չստանալով նման աջակցություն ընտանիքից, ընկերներից, դեռահաս երեխան այդ ամենը գտնում է համացանցում։ Չնչին մի հաղթանակ գրանցելու պարագայում խրախուսվելով՝  խոցելի ձևով այդ խրախուսանքը տանում է  էլ ավելի «հաղթանակների հասնելուն»։ Այսինքն, ի սկզբանե ունենք երեխայի մոտ ձևավորված հոգեբանական, սոցիալական, ներանձնային, միջանձնային խնդիր, երբ որ երեխան ընտրում է  ավելի հեշտ ուղին և ճանաչված լինել սոցիալական հարթակներում»։

Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ ինտերնետային խաղերը երկու մասի են բաժանվում՝ խաղեր, որոնցով միավորներ են հավաքում, խաղեր, որոնք դերային են, օրինակ, դառնում է զինվոր, կրակում է, սպանում է։

«Եթե մենք գործ ունենք դերային խաղերի հետ, դա վերջիվերջո կարող է ազդել նրա հոգեկան կերտվածքի վրա, ագրեսիա արտահայտել այլ՝ դպրոցական, ընտանեկան միջավայրերում։ Շատ կարևոր է, որ մենք սահմանափակենք այդ խաղերի ժամանակահատվածը։

Ունեցել եմ դեպք, որ երեխան ամեն օր 12-13 ժամ խաղացել է, հրաժարվել է գնալ դպրոց, սոցիալական կյանքից։ Ծնողները դիմել են մասնագետի։

Որքան երկար ենք ժամանակ ծախսում ինտերնետային տարածության մեջ, այնքան մեր իրական ինքնությունն աստիճանաբար թուլանում է, նվաստանում է, մենք սկսում ենք հավատալ, որ մենք ինտերնետային ինքնության կերպարն ենք, որն իրականությունից կտրում է մարդկանց»,- ասաց մասնագետը։

Placeholder