Խանութը ո՞րն է, նման հուշարձանի մոտ խանութ չեն սարքում. Սաշուր Քալաշյանը՝ Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրինության առաջարկի մասին
Հասարակություն
14:47 14/02/2025
Հայաստան

Խանութը ո՞րն է, նման հուշարձանի մոտ խանութ չեն սարքում. Սաշուր Քալաշյանը՝ Ցեղաuպանnւթյան թանգարանի տնօրինության առաջարկի մասին

Նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Թանգարանից հայտնել էին, քանի որ ինչպես հուշահամալիրի կառուցման, այնպես էլ հետագա վերանորոգումների ժամանակ անտեսվել են ջրահեռացման խնդիրները, չի անցկացվել դրենաժային համակարգ, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում։

Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։

Panorama.am-ի հետ զրույցում Սաշուր Քալաշյանն ասաց, որ հուշահամալիրի հիմնանորոգումն անհրաժեշտություն էր. աշխատանքը բավականին շատ է՝ կապված հիմնականում ջրամեկուսացման խնդիրների հետ։

«Նախագիծը մշակված է, աշխատանքները սկսված են։ Մեր պահանջով աշխատանքները մի քանի ամիս դադարեցվել են, որպեսզի աշխատանքը լինի որակյալ։ Եղանակային այս պայմաններում ջրամեկուսացման աշխատանքները վտանգավոր են, պետք է արևոտ լինի եղանակը»,- ասաց ճարտարապետը։

Սաշուր Քալաշյանի խոսքով, հուշահամալիրի հիմքերը լավ են դրված եղել, սակայն 60 տարի անցել է կառուցումից, բնականաբար, խնդիրներ առաջացել են. «Մույթերի քարերն արդեն աղակալում են։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ այդ հարցը կարգավորելու համար։  Նույնը վերաբերում է թանգարանային մասին։

Առայժմ աշխատանքները նորմալ ընթանում են։ Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի լինի, տարեվերջին կավարտենք։ Պարբերաբար լինում եմ այնտեղ»։

Հարցին՝ արդյո՞ք երբ կառուցվել է հուշահամալիրը, ջրամեկուսացման խնդիրները հաշվի չե՞ն առնվել,  Ս. Քալաշյանն ասաց. «Այն ժամանակ մույթերի դեպքում ջրամեկուսացման հարց չէր նախատեսվել։ Մտքներովս չի անցել, որ բազալտի միջից ջուրը կանցնի։ Երիտասարդ էինք այն ժամանակ։ Որ անցներ, երևի ավելի ուշադիր կլինեինք»։

Սաշուր Քալաշյանը վստահեցրեց, որ հիմնանորոգումից հետո հուշահամալիրը որևէ փոփոխության չի ենթարկվի։

«Ոչ մի բան չի ավելանում, չի պակասում։ Ընթացիկ մի խնդիր կա, վեճի առարկա է, բայց ընդամենն առաջարկություն է։ Թանգարանի մոտ մի հին շինություն կա, որն այգեգործության նպատակներով է օգտագործվում։ Այնտեղ զուգարաններն էլ կան։ Թանգարանի տնօրինությունն ուզում է այդ շենքը խանութ դարձնել, որն ընդունելի չէ։ Ես դեմ եմ, խանութը ո՞րն է։ Նման հուշարձանի մոտ խանութ չեն սարքում։ Ուզում եք հուշանվերներ վաճառել, ներսում հուշանվերների առանձնասենյակ կա, ինչո՞ւ են ուզում դրսում էլ լինի։

Ես մերժել եմ այդ առաջարկությունը։ Եթե շարունակեն պնդել, պետք է պայքարեմ»,- ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ 

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն, որն եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:

Placeholder