«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն էլ է մերժել փաստաբանների խնդրանքը
Օրվա մամուլ
09:10 14/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանն էլ է մերժել փաստաբանների խնդրանքը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շուրջ 2 ամիս է՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը փաստաբանների նկատմամբ հարկերն ավելացնելու օրենսդրական դրույթի վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն չի շտապում արձագանքել` աշխատակարգային նիստ չեն նշանակում, և պարզ չէ` դիմումը կքննարկվի ՍԴ-ում և կմերժվի՞, թե՞ անգամ վարույթ չի ընդունվի:

Հիշեցնենք․ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետևանքով փաստաբանները տարեսկզբից գործում են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարելու, նաև շահութահարկ՝ 18 տոկոս: Փաստաբաններն այս փոփոխություններում մոտ մեկ տասնյակի հասնող հակասություններ են տեսել մայր օրենքի հետ․ գլխավորն այն է, որ այլևս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ` առանց հարկ վճարելու: Իսկ անվճար իրավական աջակցություն բոլոր փաստաբաններն են մատուցում, քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակը չի հասցնում: Եվ իշխանությունն այս տարի որոշել է կրճատել հանրային պաշտպանների քանակը։ Օրեր առաջ այս փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին, սակայն դա էլ չօգնեց։

Անցած տարի փաստաբանների շահերի պաշտպանության խնդրով ՍԴ էր դիմել նաև ՄԻՊ-ը, ՍԴ-ն չէր ընդունել դիմումը, այն պատճառաբանությամբ, որ ՄԻՊ-ն իրավունք չունի վիճարկելու այդ դրույթները: Մեր տեղեկություններով՝ փաստաբանները ՍԴ դիմելու հարցով հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին են նաև դիմել, բայց վերջինս մերժել է նրանց խնդրանքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:


 

Placeholder