«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը խաղային բիզնեսի հարկը թանկացնելու մասին անհետացել է «ռադարներից»
Օրվա մամուլ
08:56 18/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը խաղային բիզնեսի հարկը թանկացնելու մասին անհետացել է «ռադարներից»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը թեպետ շաբաթներ առաջ ԱԺ տնտեսական հանձնաժողովում կենաց-մահու քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ, սակայն այն անհետացել է «ռադարներից» և ընդգրկված չէ ԱԺ հաջորդ նիստերին նախորդող մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի օրակարգում։ Խոսքը, հիշեցնենք, բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը և բացի այն հարկ ու տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաև շրջանառության 10 տոկոսի չափով։ Մենք գրել էինք, որ չնայած Հայկ Սարգսյանը թիմակիցների հետ թեժ բանավեճից հետո հասավ նրան, որ նախագիծը հանձնաժողովում ընդունվեց, սակայն անցած շաբաթ մեկնարկած հերթական նիստերի օրակարգում չէր ընդգրկվել։

Պատգամավորը հայտնել էր, որ անցած չորեքշաբթի քննարկում է սպասվում` վարչապետի աշխատակազմից են խնդրել հավելյալ քննարկել նախագիծը։ Չնայած Սարգսյանը չի պատասխանում մեր զանգերին, սակայն տեղեկություններ կան, որ նախագծի դեմ պայքարող ՔՊ-ականներին հաջողվել է համոզել Փաշինյանին, որ դրա ընդունումը հարված է լինելու խաղային բիզնեսին, մանավանդ որ խոսքն իշխանության սրտի բիզնեսմենների մասին է: Եվ չնայած չորով չեն մերժել, սակայն ասել են, որ լրացուցիչ քննարկման, փոփոխությունների կարիք կա` ժամանակ ձգելու և նախագիծը ջրելու նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder