Ադրբեջանgիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը
Քաղաքական
11:07 19/02/2025
Հայաստան

Ադրբեջանgիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական իշխանությունները շարունակաբար իրականացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի անբաժանելի մասն է հայկական բնակավայրերի համակարգված ոչնչացումը։ Այս հանցավոր գործընթացն աննախադեպ ծավալների է հասել՝ վերածվելով Արցախի բնակավայրերի լայնամասշտաբ վերացման ծրագրի։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ փետրվարի 18-ին  հրապարավել է ապացուցողական լուսանկար, որը վկայում է Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղի գրեթե ամբողջական ավերման մասին։

«Սա փաստում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքը Արցախում»,- գրել է Ավանեսովը։ 

Նա հիշեցնում է, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։

«Սա ոչ թե պարզապես ռազմավարական հաշվարկ է, այլ պետական մակարդակով իրականացվող ցեղասպանական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնելն է հայերին, այլև ջնջել նրանց կենսատարածական և պատմամշակութային ներկայությունը Արցախում։

Այս հանցավոր գործողություններին անհապաղ պետք է արձագանքի միջազգային հանրությունը՝ դատապարտելով Ադրբեջանին և ձեռնարկելով կոնկրետ քայլեր` այս խտրական և ապօրինի, միջազգային իրավունքի բոլոր օրենքները ոտնահարող  քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում` լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- նշել է Հովիկ Ավանեսովը։ 

Placeholder