Թրամփի վարչակազմը անդրադառնալու՞  է  Պենտագոնի  DTRA-ի աջակցությամբ ստեղծված լաբորատորիաներին. Վարդանյան
Առողջություն
18:21 19/02/2025
Հայաստան

Թրամփի վարչակազմը անդրադառնալու՞ է Պենտագոնի DTRA-ի աջակցությամբ ստեղծված լաբորատորիաներին. Վարդանյան

Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Աշխարհում հետաքրքիր և շրջադարձային իարադարձություններ են  տեղի ունենում, համարյա բոլոր ոլորտներում փոխվում են նեոլիբերալիստական մոտեցումները, միջազգային ասպարեզում տրամադրություն թելադրողները  բարձրաձայնում են վերջին տարիներին սովորույթի վերածված  երկակակի ստանդարտների մասին, ԱՄՆ համապատասխան կառույցները USAID-ի իրականացրած  ծրագրերի արդյունավետությունն են վերլուծվում և այլն:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում վարակաբանական առումով լարված իրավիճակ է, բայց մեր Առողջապահության նախարարությունը, ՀՎԿԱԿ-ը, նրա  ժամանակակից զինված ազգային լաբորատոր ցանցը  լուռ են, անհաղորդ, անգամ գոնե շաբաթը մեկ անգամ  գրիպով, ՍՇՌՀ-ով վարակվածների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ չեն հրապարակում: Ասեմ ավելին, չկա որևէ անդրադարձ, հոդաբաշխ բացատրություն, թե ինչո՞ւ է այսքան ձգձգվող կլինիկական ընթացք ունենում սեզոնային գրիպ կոչվածը, մարդիկ ամիսներով չեն առողջանում,մի փոքր լավացում է նկատվում, ապա նորից կրինվում է և այդպես շարունակ՝ սպառելով մարդու իմունային՝ պաշտպանական համակարգը: Բաց չէ՞ որ Հայաստանում գործում է նեոտեխնոլոգիաներով հագեցած հանրային առողջապահական  լաբորատոր  համակարգ, որը ստեղծվել է, ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության՝ DTRA-ի բազմակողմանի աջակցությամբ, ինչպես նաև   ԱՄՆ Ատլանտայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ՝ կենսաբանական ոլորտում համագործակցային ծրագրի շրջանակներում:

Պարզաբանեմ ինչ կառույց է DTRA-ն (Defense Threat Reduction Agency)  ԱՄՆ-ի  Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությունն է, որը պատասխանատու է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ, միջուկային, քիմիական և կենսաբանական զենք) սպառնալիքին դիմակայելու գործառույթների համար: Այս կառույցի աջակցությամբ նմանատիպ լաբորատոր ցանցեր են ստեղծվել նաև  Ուկրաինայում, Վրաստանում,  Մոլդովայում, Ղազախստանում  և Ուզբեկստանում և այլ պետություններում։

Հուսով  եմ, որ ԱՄՆ նոր վարչակազմը առաջիկայում  այս դրվագին նույնպես կանդրադառնա:
Հավելեմ նաև, որ ըստ հասանելի աղբյուրների ՀՀ-ում գործող Ազգային լաբորատոր համակարգի առաքելությունն է. «Բոլոր աշխատակիցների, ուսանողների, այցելուների, հասարակության և շրջակա միջավայրի պաշտպանությունը կենսաբանական՝ ներառյալ ներուժային, վտանգների ազդեցությունից...»:

Հարց
Ի՞նչ նպատակով է լաբորատոր ցանցի ստեղծման, շարունակական գործունեության վրա այդքան ֆինանսներ, մարդկային և այլ ռեսուրսներ ներդրվել, եթե  վարակաբանական լարված իրավիճակում Հայաստանի քաղաքացին մնացել է մենակ  շրջանառվող սեզոնային վիրուսների հետ պայքարում,  ինչի՞ն են ծառայում այս լաբորատորիաները:

ՀՀ առողջապահության նախարարություն, Ձեր  ՀՎԿԱԿ-ի հիմնական ֆունկցիան հիվանդությունների վերահսկումն ու  կանախարգելումն է,  արձանագրում եմ՝ «0» արդյունավետություն:
ՀՀ կառավարություն, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան   գոնե՞ վարակային իրավիճակի մոնիթորինգ արվել է առնվազն հանրակրթական  հաստատություններում  և արդյո՞ք գրիպով և սուր շնչառական հիվանդությունների պատճառով  դպրոցներում սաների միաժամանակ 25% բացակայություն չի արձանագրվել, որը հիմք է  ուսումնական հաստատությունները փակվելու համար՝ արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով ( ՀՀ ԱՆ 2010թ. 34-Ն համան 70-րդ կետ ):

Նույնիսկ եթե վարակվածների  բացարձակ թիվը ավելի փոքր է, ինչո՞ւ այս սեզոնային գրիպի կլինիկական ծանր ընթացքին չեն արձագանքում ՀՎԿԱԿ-ից, լաբորատոր ցանցից, ինչո՞ւ չեն ուսումնասիրվում  վիրուսների ինչ մուտացիաներ են տեղի ունենում, ինչպես պետք է պայքարել դրա դեմ և այլն: Հույսները ԱՀԿ-ան խորհրդատվական ցուցումներն են, դե ԱՀԿ-ն էլ  շատ խառն է։
Հ.Գ.  Ազգային լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարության 2022-2026 թվականների միջոցառումների ծրագիրով   ամրագրված է, որ առաջիկա 5 տարվա հիմնական առաջնահերթություններից է առողջապահական ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման զարգացում և արդյունքների գործնականում ներդրում:
Չեմ տեսնում...»։

Placeholder